Նոյեմբերի 6-ի գիշերը Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում տեղի է ունեցել մեծ գլխաքանակով անասունների և այլ գույքի գողություն, մարդիկ անհանգստացած են և գտնվում են մշտական վախի մեջ:
Նոյեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձիք Դադեշի բնակիչներից աննկատ, երկու գյուղացիների անասունները դուրս են բերել գյուղից, իսկ մեկ այլ բնակչի ավտոտնակից գողացել են տեխնիկա ու շունը: Գողության դեպքը տեղի է ունեցել ժամը 1:00-ից հետո: Գիշերը գյուղում էլեկտրականություն չի եղել, լույսերը անջատվել են ժամը 2:15-ին և միացրել միայն առավոտյան:
Գողացել են կովեր և հորթեր, ընդհանուր առմամբ 21 գլուխ, 1 ձի, 1 շուն և որոշ սարքավորումներ: 1 կով և 5 հորթ կարողացել են գտնել, երբ առավոտյան բնակիչները գնացել են գողության հետքերով:
Դադեշ գյուղի բնակիչ Նինա Գանցյանից գողացել են, 9 կով, 1 հորթ և մեկ ձի: Նրա գոմը տնից հեռու է գտնվում, բակում կա շուն, բայց դա չի խանգարել գողերին, անասուններն ու ձին դուրս հանելու համար:
«Երեկոյան ժամը 19:00-ին գնացի գոմ կթելու կովերին, և ժամը 19:30 դուրս եկա այնտեղից: Գյուղացիները, իմ ամուսինն ու որդիները գնացին հետքերով, որոնք հասցրին Թուրքիայի սահման: Ինձ թվում է, որ գյուղից ինչ-որ մեկը օգնել է նրանց», – ասում է Նինա Գանցյանը:
Մյուս տուժածի գոմը գտնվում է առաջին տուժածի գոմից մեկ գոմ այն կողմ: Նրանց միջև գտնվող գոմում քիչ անասուն կա և ըստ գյուղացիների ենթադրությունների, գողերը տեղյակ են եղել այդ մասին:
Մովսեսյան Գիլվարդից գողացել են 10 կով, սակայն նրանցից 3-ը վերադարձվել են սահմանից:
«Զանգահարեցին ոստիկանություն, նրանք ժամանեցին երկուս ու կես ժամ անց: Իսկ քաղաքից մեր գյուղ ընդամենը 20 րոպե է», – ասում է Գիլվարդ Մովսեսյանը:
Բնակիչները մտահոգված են այն փաստով, որ սահմանը վատ է պաշտպանված:
«Մենք միշտ ապրում ենք վախի մեջ: Այսօր գողացել են անասուններին, վաղը կարող են գողանալ մարդկանց և սպանել մեզ: Բացի այդ սա տարածաշրջանում առաջին դեպքը չէ: Չեմ հասկանում, թե սահմանապահը ինչի համար է կանգնած այդտեղ, եթե չի նկատել անասուններին, որոնց տարել են աշտարակից 50 մետր հեռավորության վրա», – ասում է բնակիչներից մեկը:
Զարզանդ Կուջոյանը գյուղի լիազորն է, նա նույնպես առավոտյան գյուղացիների հետ գնացել է անասունների հետքերով և հասել սահման:
«Հորթերին գտել են սահմանապահների աշտարակի մոտ, իսկ կովին չեզոք գոտում, ևս մեկ մետր, և այն կհայտնվեր մյուս կողմում: Ընդհանրապես չկա փշոտ մետաղալար, այն կտրված է, ազդանշանն անջատված: Մենք հասանք չեզոք տարածք: Մենք սահմանապահներին ապացուցեցինք, որ անասունները հատել են սահմանը, նրանք ասացին, որ դիմելու են Թուրքիային և սպասելու պատասխանի: Նրանք ասում են, որ շատ ցուրտ է, ով է կանգնելու աշտարակի վրա: Աշտարակի վրա չկային սահմանապահներ, եթե լինեին կտեսնեին», – ասում է Զարզանդ Կուջոյանը:
Արտաշ Գանցյանը տուն է եկել գիշերը ժամը 3:00-ին, բայց ոչինչ չի նկատել: Նա տուժածներից է:
«Գյուղում էլեկտրականություն չկա: Ինչու էին անջատել, հայտնի չէ, ոչ քամի կար, ոչ էլ այլ բան: Եթե լույս լիներ, գուցե ինչ-որ բան նկատեի», – ասում է Արտաշ Գանցյանը:
Գյուղացիների խոսքերով, նրանք նկատել են ձիերի պայտերի հետքեր:
«Մեր ձիերը պայտած չեն, բայց մենք նկատեցին պայտած ձիերի հետքեր: Ձյուն է և ամեն ինչ հստակ երևում է: Նրանք չէին կարող շատ հեռու տանել խոշոր եղջերավոր անասուններին, այն 20 կիլոմետր չի կարող գնալ առանց կանգառի, եթե ուզենան, կկարողանան գտնել և վերադարձնել», – ասում է Սեյրան Մովսեսյանը:
Բնակիչները, իրենց կյանքից վախենալով, որոշեցին փակել պետական ճանապարհը` ուշադրություն հրավիրելու իրենց խնդրին, որպեսզի հանցագործները հայտնաբերվեն և պատժվեն, և որ նման դեպքերը նորից չկրկնվեն: Այնուամենայնիվ, նրանք թողնում էին անցնելու մեքենաներին: Երկար ժամանակ կանգնած էին ճանապարհին, մինչև որ նրանց խոստացան, որ նրանց խոշոր եղջերավոր անասունները կգտնվեն և կվերադարձվեն, ինչպես նաև խոստացան, որ վաղը նրանք հանդիպելու են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:
Շուշան Շիրինյան