82-ամյա Ունանյան Կորյունը արդեն 60 տարի է ինչ օրվա հացը վաստակում է իր համար կյանքի անփոխարինելի մասնիկ դարձած, նախնիներից ժառանգած արհեստով՝ հյուսնությամբ: Նրա միակ երազանքն է փոխանցել արհեստը հետնորդներին:

Koyrun payt

Նա մասնագիտությունը ընտրել է դեռ մանկուց: Տեսնելով հոր աշխատանքը, մանուկ Կորյունը իր առջև դրել էր մեծ նպատակ՝ դառնալ լավ արհեստավոր:

Koryun

Արմատներով Արագվայից Կորյունը երիտասարդ տարիներին ոչ միայն իր սիրելի արհեստով է զբաղվել, այլ նաև երկար տարիներ ծառայել է Սոլնեչնոգորսկ քաղաքում՝ պաշտպանելով հայրենիքը: Ունենալով ենթասպայի կոչում, նա չի մոռացել իր սիրելի մասնագիտությունը, և 22 տարի շարունակ համատեղել է թե զինվորական պարտքը, և թե ընտանեկան մասնագիտությունը շարունակելու պարտականությունը:

koyrun

Կորյուն Ղազարի Ունանյանը փայտին «կենդանություն» տալով այն վերածում է կահույքի: Իր տան բոլոր իրերը փայտից են: Հմուտ վարպետը յուրահատուկ սիրով է սիրում իր ձեռքերով պատրաստած ժամացույցի շրջանակը և այն համարում է իր ամենաթանկագին աշխատանքը:

Koyrun zhamacuyc

Կորյուն պապը իր տիկնոջ՝ Քիշմիշ (Ամալյա) Հունանյանի հետ համատեղ կյանքում ունի 3 երեխա և 15 թոռ: Նրանք ամուսնացել են նախքան Կորյուն պապի ծառայության մեկնումը: Կորյունը ուզեցել է, որ իր միակ որդին՝ Սերգեյը, շարունակի սերնդեսերունդ իրենց ուղեկցող մասնագիտությունը, սակայն նա ընտրել է արվեստագետի ուղին և հիմա զբաղվում է կերպարվեստով: Չնայած դրան հայր և որդի համատեղում են իրենց մասնագիտությունները՝ հայրը իր որդու կտավների համար շրջանակներ է պատրաստում:

Koyrun zhena 1

Արհեստավորի աշխատանքը հիմա եկամտաբեր չէ: Սակայն Կորյուն Ունանյանը չի բողոքում ոչնչից, նա ասում է, որ իր երկարակեցության գաղտնիքը թաքնված է իր արհեստի մեջ. «Երբ մարդը զբաղվում է սիրելի գործով, նա չի ծերանում, այլ հերտզհետե ջահելանում է»:

Koyrun radio

Կորյուն պապը ազատ ժամանակ սիրում է զրուցել հասակակից հարևանների հետ բազմազան թեմաներով և լսել ռադիո:

Koyrun harevan

Նա իրեն համարում է հաջողակ մարդ, քանի որ հասել է իր երազանքին՝ դառնալով լավ արհեստավոր: Սակայն նրա հաջողությունը դեռ թերի է, քանզի իր մասնագիտությունը ժառանգներ չունի:

Քրիստինե Հակոբյան