Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գրքում տեղ գտած, հայ փախստականների վերաբերյալ 1915 թվականին վրացալեզու որոշ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների հայերեն թարգմանությունը:

Վրաստանի Ժողովրդական թերթիկ պարբերականը 1915 թվականի հունվարի 29-ին, «Տեղահանվածները» վերտառությամբ հոդվածում գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունից և Պարսկաստանից մեծ թվով հայություն է տեղափոխվել Կովկաս: Ասում են, որ տեղահանված հայերի թիվը հասնում է 120-150 հազարի: Տեղահանվածների մի մասը բնակություն է հաստատել Թիֆլիսում` քաղաքի տարբեր անկյուններում: Հայերից բացի մեր մայրաքաղաքում այժմ բնակվում են Պարսկաստանից հեռացած 3 000 ասորի»:

Պարբերականը մտահոգություն է հայտնում, որ տեղահանվածների հարցը բավական բարդ է և լուրջ, քանի որ տեղահանվածները ժամանակավոր կամ ընդմիշտ բնակություն են հաստատում Վրաստանում:

«Տեղահանվածները պետք է գիտակցեն այժմյան համընդհանուր և, հատկապես, վրաց ժողովրդի ծանր իրավիճակի մասին, և ոչ ոք չպետք է պահանջի այն, ինչը կարող է վնասել մեր ազգի ներկան և ապագան: Առաջին հերթին, չպետք է մոռանանք, որ 2 տարի տևող և դեռևս շարունակվող պատերազմի հետևանքով կյանքն ավելի է դժվարացել, ուտելիքը դժվարությամբ է հայթայթվում, իսկ դրսից ներկրելը բարդ է և հնարավոր է՝ նույնիսկ արգելվի: Այս պայմաններում նույնիսկ տեղաբնակներն են դժվարանում գոյատևել, և հիմա տեղահանվածների ավելացմամբ մեր վիճակն իսկապես անտանելի կդառնա: Պահանջներ և կարիքներ մենք ինքներս ունենք և չենք պատրաստվում նաև մտածել ուրիշի կարիքների մասին»:

Երկրորդ կարևոր խնդիրն ըստ Ժողովրդական թերթիկի դա այլազգիներով բնակեցված շրջաններն են:

«Թիֆլիսի երկրամասի որոշ շրջաններ արդեն իսկ բնակեցված են մեծամասամբ այլազգիներով: 19-րդ դարի ընթացքում տեղահանվածների պատճառով մենք ամբողջությամբ կորցրեցինք Ախալքալաքի շրջանը, մեծ թվով տեղահանվածներ բնակություն հաստատեցին նաև Բորչալուի և Ախալցիխեի շրջաններում: Եվ հիմա, եթե նոր տեղահանվածներ գան Վրաստան, մեր գործը շատ կդժվարանա: Դա մեր ազգային շահերին է սպառնում, ուստի պարտավոր ենք բոլոր միջոցներով դեմ կանգնել և փրկել մեր հողն ու ջուրը, որը հազիվ է հերիքում վրաց ժողովրդին: Մեր ազգային շահը և գիտակցությունը հուշում է, որ վտանգը պետք է ի սկզբանե կանգնեցնել»,- ահա այս մտահոգությամբ էլ եզրափակում է Ժողովրդական թերթիկը:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: