Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գրքի հերթական` 9-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» և «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում 1915 թվականի օգոստոս ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

«Հայերի բռնի տեղահանումը» վերնագրով նյութի մեջ հոդվածագիրը անդրադառնալով հայերի տեղահանությանը Վանում և Բայազետում, բառեր չի գտնում արտահայտելու իր տեսածը և նշում է՝ մարդ պետք է նմանվի վայրի գազանի, որ աչք փակի այս արհավիրքի վրա:

«Հուլիսի 11-ից ռուսական զորքը հետ քաշվեց Մուշ-Մանազկերտ-Բիթլիսից: Հայերը հետևել են զորքին` մոտ 200 հազար հայ միայն Վանի վիլայեթից: Հայերը փախչում են ընտանիքներով` իրենց հետ տանելով ձիերին ու մնացած կենդանիներին: Շատերը չեն կարողացել տանել ունեցվածքը, քայլում են ոտաբոբիկ, սոված ու ծարավ: Իգդիրից Վան ընկած ողջ ճանապարհը լի է նման մարդկանցով: Ովքեր կարողացել են՝ փրկվել են, կառքերով շարժվել դեպի Իգդիր: Տեսել ե՞ք, երբ պատահական անցորդը 6 մղոն հեռավորության վրա 2 կին տեղափոխի, 2 նորածին երեխայի հետ:

Մեր շրջիկ դաշտային հիվանդանոցը լի է կույր, կաղ, նորածին երեխաներով: Երեկ չէ նախորդ օրը մի մայր էր գալիս 4 երեխաների հետ, որոնցից ամենամեծն ընդամենը 7 տարեկան էր, Վանից կամ Արճեշից 200 մղոն ճանապարհ էր անցել: Երեխաները լալիս էին, մայրը` սարսափելի տեսք ուներ, մազերը գզգզված, բերանը բաց և չոր, արցունքները հոսում էին, կաղում էր: Մոտեցավ մեր սպիտակ վրաններին, հիվանդին նստեցրեց հողի վրա, անձայն լալիս էր, այդպես առանց ձայն բարձրացնելու էլ համբուրեց երեխային և առաջ շարժվեց:

Ճանապարհներին անտեր մնացած երեխաները շատ են, որոնց միայն մի մասն է կենդանի: Միայն տողերիս հեղինակը 6-7 աղջնակի է իր հետ տարել: Մեկի հարազատը գտնվել է, մնացածը՝ մոտս են: Գրեթե բոլոր լքված երեխաներն աղջիկներ են: Բանակը հնարավորությունների սահմաններում օգնություն է ցուցաբերում․ չեք տեսնի մի զինվորի, ում կողքը երեխա նստած չլինի: Մոտավոր կարող ենք ասել` 200 հազար մարդ կա և ո՞վ կարող է այդքանին կերակրել, պահել, ապահովել ջրով, այդ պատճառով էլ, թույլերը ճանապարհին զոհվում են»,- գրում է Ժողովրդական թերթիկը (1915/08/8):

«Վրաստան» պարբերականը 1915 թ.-ի օգոստոսի 8-ի հերթական համարում գրում է. «Բուլղարիայում բնակվող հայերը կոչով դիմել են բուլղարացիներին, բարձրաձայնելով հայերի տանջանքների մասին: Փախստականների անվերջ շարանը շարժվում է դեպի Ռուսաստանի սահման, որպեսզի փրկվի մահից ու բանտից: Օսմանցիները որոշել են հայերին ջնջել իրենց իսկ հայրենիքում: Նաև որոշել են 10 հազար հայի Ստամբուլից տեղահանել Փոքր Ասիա, ինչի հետևանքով, մեծ քանակությամբ հայեր փախչում են Բուլղարիա: Հայերը կոչ են անում Բուլղարիայի կառավարությանը` ներգրավվել այս գործընթացին, քանի որ օսմանցիները վախենում են նրանցից: Բուլղարիան միայն բողոքելով կարող է վերջ դնել հայերի կոտորածին: Այսօր հայերը, որպես սգո նշան, Սոֆիայում փակել են խանութները»:

Նույն թերթը նկարագրելով Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես նշում է, որ փախստականների հոսքը շարունակվում է: նրանց վիճակն աննկարագրելի է: Մարդիկ մեղուների նման զոհվում են սովից, թուլությունից և հիվանդությունից:

«Հաց չկա: Բժշկական օգնություն ցուցաբերելու համար բժիշկներ չկան: Զոհվածների դիակներն անտեր գցված են: Հայ հասարակությունն անամոթաբար անգործության է մատնված: Կոչ ենք անում բոլորիդ, ում մեջ մարդասիրության գոնե կաթիլ է մնացել, գալ Էջմիածին և օգնություն ցուցաբերել մեր բազմաչարչար ժողովրդին: Անհրաժեշտ է աշխատուժ, բժիշկներ, ֆելդշերներ, բուժքույրեր, սանիտարներ, գյուղատնտեսներ, ովքեր ծանոթ են Կովկասի կլիմայական և արտադրական պայմաններին և օսմանյան հայերին: Անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի աշխատուժը, որպեսզի փրկենք փախստականներին այս ծանր կացությունից: Եկեք տասնյակ, հարյուրավոր մարդկանցով, մի սպասեք հրավերի»,- գրում է վրացալեզու տեղեկատուն (1915/08/10):

Հայ փախստականների համար տարբեր տեղերից գումար են ուղարկում և բարեգործություն անում: Հայերի սոցիալիստական կուսակցության (Հնչակյան) կենտրոնական հանձնախմբի անդամ Վարազդատը «Ցումանիտե» թերթում գրում է օսմանյան այս պատերազմի ժամանակ հայերի վերապրած հետապնդումների մասին:

Օսմանյան Հայաստանում կրկնվել է 1894-96 թվականների հայերի կոտորածը: Բիթլիսի շրջանում կոտորվել, կամ` Տիգրիս գետն է նետվել 9 հազար մարդ: 40 հազարը մահացել է Կիլիկիայում: Որոշ շրջաններից մարդիկ ընդհանրապես ապաստան են գտել անապատներում: Այս վարքագծի պատճառը, Վարազդատի խոսքերով, հայերից վախենալն ու հեղափոխությունը կանխելն է: Այս մարտավարությունը երիտթուրքերն ընդունել են խալիֆ Գյաջի Գիլեշի հրամանով:

«Հայերի միջև. Օսմանյան կայսրություն» վերտառությամբ հոդվածում հեղինակը հղում անելով հայկական «Արև» թերթին գրում է. «Սոֆիայից 6 մարդուց բաղկացած ամերիկյան միսիոներների խումբ է եկել, ովքեր օգնելու են հայ փախստականներին: Օսմանյան կառավարությունը չի թույլատրել կյանքի կոչել այս առաքելությունը և նրանք այդ լուրը հեռագրով փոխանցել են Միացյալ Նահանգների նախագահին:

Այս ամենից առաջ Նիկոմիդիայում խուզարկումներ են եղել: Պարտիզակում կառավարության գործակալները տներից մեկում հայտնաբերել են 80 հայից կազմված համաժողով: Նրանց բոլորին տեղում ծեծելով սպանել են: Նիկոմիդիայում հայերին կոտորում են չերքեզները: 50 դաշնակցական ուղարկվել է Հալեպ: Ամերիկացիների առաքելությունը խոսում է օսմանցիների կոտորած հայերի թվի մասին:

Էրզրումցի վաճառական Ազարյանցին օսմանները տանջել են և ստիպել ստորագրել այն մեղադրանքի տակ, որով ապացուցվում է, որ Խոժակը, Ակնունին, Զարդարյանը և այլոք նրան հանձնարարել են զենք բերել հայերի համար»:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: