Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից հայտարարված քաղաքացիական բյուջետավորման գաղափարների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է 2 շաբաթով։ Մինչև օգոստոսի 16-ը, որը հայտարարվել էր հայտերի ընդունման վերջնաժամկետ, քաղաքապետարանը ոչ մի նախագիծ չէր ստացել։ Այժմ ժամկետը երկարացվել է մինչև հաջորդ շաբաթվա վերջ, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 6-ը։ Քաղաքացիական բյուջետավորումն Ախալքալաքում իրականացվում է երկրորդ տարին անընդմեջ։
Քաղաքացիական բյուջետավորումն Ախալքալաքի մունիցիպալիտետում ներդրվել է 2023 թվականին «HEKS-EPER Georgia» կազմակերպության ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոն (SCCSF) կազմակերպության աջակցությամբ: Ախալքալաքի բնակիչների ներկայացրած լավագույն գաղափարն իրականացնելու համար այս տարի մունիցիպալիտետի բյուջեով հատկացվել է 30 հազար լարի։ Հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 50 հազար լարի։ Սակայն հուլիսի 15-ից օգոստոսի 16-ը, երբ հայտարարվել էր բնակիչների դիմումների ընդունման մրցույթ, նախագիծ քաղաքապետարան ոչ ոք չէր ներկայացրել։ Օգոստոսի 23-ին քաղաքապետարանը որոշում է կայացրել 2 շաբաթով երկարաձգել հայտերի ընդունման վերջնաժամկետը։
Անցյալ տարի առաջին անգամ Ախալքալաքի բնակիչները կարողացան մասնակցել գալիք տարվա բյուջեի պլանավորմանը։ Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի բնակիչները կարող են քաղաքապետարանին առաջարկել գաղափար, որի իրականացումը մունիցիպալիտետի համար կարժենա մինչև 50 հազար լարի։
«Քաղաքացիական համայնքների ձևավորման աջակցության կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Նինո Ռուխաձեն Jnews-ի հետ զրույցում ասաց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը ոչ մի դիմում չի ստացել։
«Որ հայտադիմումներ չունենայինք, մենք նման պրակտիկա չենք ունեցել։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում, երբ ես զանգահարեցի, 7 դիմում էր ներկայացվել, բայց վերջնաժամկետի ավարտին դեռ ժամանակ կար, այնտեղ դիմումների թիվը, կարծում եմ, ավելացել է»։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի խոսքով, քանի որ իրենք ոչ մի դիմում չեն ստացել, ժամկետը երկարացվել է ևս երկու շաբաթով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ծրագրի ֆասիլիտատոր Դիանա Սահարյանի խոսքով, ինքը ծրագրի մասին իրազեկել է երիտասարդական տարբեր խմբերի:
«Բացի ինձնից բնակչության իրազեկմամբ զբաղվել են նաև քաղաքապետարանի երկու աշխատակից։ Իմ պարտքն էր տեղեկացնել երիտասարդներին, ես տեղեկացրել եմ Ախալքալաքի քաղաքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդին, Կարմիր խաչի երիտասարդներին և այլոց: Սակայն, ոչ մի դիմում չենք ստացել»,- ասաց Դիանա Սահարյանը։
Նշենք, որ նախորդ տարի այս ծրագրով Ախալքալաքի քաղաքապետարան էր ներկայացվել 4 հայտադիմում, հայտերի ընդունման ժամկետը ևս երկարացվել էր։ Այս տարի, Ախալքալաքում, քաղաքացիական բյուջետավորման ծրագրով մեծ ինտերակտիվ գովազդային վահանակ տեղադրվեց քաղաքի կենտրոնական զբոսայգում։
Այս տարի հաղթած նախագիծը հաջորդ տարի կներառվի Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեում։
Դիմումը կարելի է ուղարկել varchucyun@gmail.com էլ.փոստի հասցեով, կամ գրավոր ներկայացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ Չարենցի փող. 11:
Հաղթողը կընտրվի քվեարկության միջոցով՝ ախալքալաքցիների կողմից։ Ուստի այս ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր է քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում։
Հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հայտաձևերը վրացերեն և հայերեն լեզուներով կարող եք գտնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կայքում՝ akhalkalaki.gov.ge և քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում քաղաքացիական բյուջեն ներդրվել է «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «HEKS-EPER Georgia» կազմակերպության կողմից՝ Սամցխե-Ջավախքի իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության կազմավորման աջակցության կենտրոն (SCCSF) կազմակերպության աջակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։