Ապրիլի 23-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Հայոց ցեղասպանության միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող երկու միջոցառում անցկացվեց։
Առավոտյան ժամը 10-ին աղոթքով մեկնարկվեց ծառատունկը, որին մասնակցում էին ինչպես կենտրոնի սաներն ու մանկավարժները, այնպես էլ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Տաթև Մարուքյանը։
Երիտասարդական կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում տնկվեց շուրջ 40 ծառ, որոնք խորհրդանշում են տարբեր ժամանակահատվածներում հայ հողի ու հավատի համար զոհված հերոսների անմահությունը։
«Այսօր երիտասարդական կենտրոնը հագեցած է միջոցառումներով, առավոտյան տեղի ունեցավ ծառատունկ երիտասարդական կենտրոնի և ՎՀՕՄ-ի մասնակցությամբ ի հիշատակ քառօրյա պատերազմի զոհերին և ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Ծառ տնկելը ընդհանրապես հավերժության խորհրդանիշ է և մենք ծառ տնկելով հավերժացնում ենք մեր բոլոր հերոսներին, ովքեր երբեք չեն մահանում», – մեզ հետ զրույցում ասաց Կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը։
Ծառատունկից հետո, արդեն ժամը 13։00-ին կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցեցին երիտասարդական կենտրոնի տարբեր տարիքի սաները։ Նրանք երաժշտական, պարային կատարումներով ու ասմունքով հիշեցին ու խոնարհվեցին անմեղ նահատակների հիշատակին։
Իսկ արդեն երեկոյան ժամը 20։00-ին Ախալքալաքի բերդերից կկազմակերպվի ամենամյա ջահերով երթը։