Երեկ՝ օգոստոսի 27-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը վնասել են բնակիչների տներն ու գյուղատնտեսական ցանքատարածությունները։ Պատճառված վնասը դեռևս չի գնահատվել: Իրավիճակն ուսումնասիրվում է։

Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում տեղացել է հորդառատ անձրեւ եւ կարկուտ, որը վնաս է հասցրել գյուղի բնակիչներին։ Ջուրը լցվել է տները և գոմերը: Համեմատաբար շատ են տուժել 5 տուն:

Երեկոյան գյուղում աշխատել է ԱԻՆ-ի խումբը, որոնք հնարավորության չափով ջուրը հանել են տներից:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Գրիգոր Շամիլյանի խոսքով, այսօր առավոտյան իրենք սկսել են վնասի գնահատման գործընթացը։ Վնասը բոլորի մոտ տարբեր է: Ոմանք ավելի շատ են տուժել, ոմանք՝ ավելի քիչ:

«Վնասի չափի մասին կոնկրետ ասել չեմ կարող, քանի որ դեռ ուսումնասիրում ենք, կարկուտը փակել է ջրի հոսքը և այն լցվել է բնակիչների տներն ու գոմերը։ Սատկել է 3 կով: Վնասվել են նաև գյուղատնտեսական ցանքատարածությունները»,- ասաց Գրիգոր Շամիլյանը։