Հոկտեմբերի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում նշել են գյուղի տոնը։ Տոնը համընկնել է ինչպես գյուղի օրվա, այնպես էլ վերակառուցված ճանապարհի ու եկեղեցու բացման հետ։ Այս մասին հայտնում է Radio NOR-ը։
Տոնական երաժշտության հնչյունների ներքո և բազմաթիվ հյուրերի ներկայությամբ աշխուժացավ մոտ 100 ընտանիք ունեցող փոքրիկ գյուղը։ Հավաքվել էին գյուղի բնակիչները, ինչպես նաև նրանք, ովքեր արդեն հեռացել են գյուղից, բայց չեն կորցրել կապը ծննդավայրի հետ։ Տօնակատարությանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, և այլք։
Տոնը նախաձեռնել ու կազմակերպել էին արդեն Ռուսաստանում բնակվող Թորիա գյուղի բնակիչները։
Հյուրերը և կազմակերպիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, վերաբացել են բարեկարգված եկեղեցին, ինչպես նաև վերակառուցված ճանապարհը։
Գյուղական դպրոցի սաները հանդես են եկել բանաստեղծական, պարային և մշակութային ներկայացումներով: