Երեկ՝ օգոստոսի 22-ին, Ախալքալաքի սակրեբուլոյի նիստում, մունիցիպալիտետի պատգամավորները հաստատեցին բնակչության շրջանում մեծ պահանջարկ ունեցող հատուկ տեխնիկայի վարձակալության չափը։ Մինչ այժմ Սպասարկման կենտրոնը վարձակալության չէր տալիս այն, քանի որ իրավունք չուներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետն ունի հատուկ տեխնիկա, որը, տարբեր աշխատանքների ժամանակ, հաճախ է անհրաժեշտ լինում բնակչությանը։ Հատուկ տեխնիկան գտնվում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի հաշվեկշռում: Ախալքալաքի քաղաքապետարանը, հաշվի առնելով բնակչության պահանջարկը, որոշել է տեխնիկան վարձակալության տալ։
Ցանկացողները կարող են դիմում գրել Սպասարկման կենտրոնի տնօրենին և ստանալ տեխնիկան՝ համապատասխանաբար վճարելով վարձակալության գումարը։ Յուրաքանչյուր տեխնիկայի համար վարձակալության գումարը տարբեր է: Սակրեբուլոյի պատգամավորներն երեկ հաստատեցին չորս միավոր տեխնիկայի վարձակալության գումարը։