Թբիլիսիի «1+4» կրթական ծրագրով սովորող ուսանողները բողոքում են, որ ուսումնական ծրագիրը տարբեր բուհերում տարբեր է, ինչը երբեմն ուսանողների մոտ առաջացնում է որոշակի դժգոհություններ:

Jnews-ը խոսել է տարբեր համալսարաններում սովորած «1+4» ծրագրի շրջանավարտների հետ։

Թբիլիսիի պետական համալսարանում «1+4» ծրագիրն այս տարի ավարտած Վլադիմիր Վարդանյանն իր կրթությունը որոշել է շարունակել բիզնես կառավարում բաժնում։ Նա Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղից է, 2023 թվականին հանձնելով միասնական ազգային քննություններ, ընդունվել է նախապատրաստական կուրս։

«Կարծում եմ վրացերենիս ներկա մակարդակը թույլ կտա ուսումս շարունակել արդեն մասնագիտական բաժնում։ «1+4» ծրագրում որոշ թերություններ կան։ Բանն այն է, որ բացի ստանդարտ դասերից և առարկաներից չկա լրացուցիչ թրեյնինգներ, կամ թեկուզ ընտրովի կուրսեր, որտեղ ուսանողը կարող է իրեն հետաքրքիր որևէ առարկա ընտրել։ Ինչպես նաև՝ լսողական առարկա անցնելու ժամանակ, առաջին կիսամյակում հնարավորություն ունեինք համակարգիչներից օգտվել՝ լսել և միաժամանակ վարժություններ կատարել, իսկ նույն առարկան արդեն երկրորդ կիսամյակում անցնում էինք միայն նյութեր կարդալով և գրավոր անելով առանց լսողական որևէ վարժության, որը ամբողջ առարկայի կուրսը դարձնում էր ձանձրալի և ոչ էֆեկտիվ», – մեզ հետ զրույցում ասում է Վլադիմիրը:

Միաժամանակ հավելելով, որ Թբիլիսիի պետական համալսարանի այն մասնաշենքը, որտեղ ուսանողներն անցնում են նախապատրաստական կուրսը գտնվում է ոչ բարվոք վիճակում։

Մենք զրույց ունեցանք այս համալսարանում սովորած ևս մեկ ուսանողի հետ, ով չցանկացավ իր անուն ազգանունը հրապարակել, բայց պատմեց, որ իր կարծիքով ծրագիրը հարմարեցված չէ նոր և էֆեկտիվ բոլոր ստանդարտներին։ Նրա խոսքով, կան դասախոսներ, ովքեր մատների արանքով են նայում իրենց դասավանդած առարկային և ծրագրին, որն էլ պատճառ է դառնում, որ ծրագրի ավարտից հետո շատ ուսանողներ շարունակում են լեզվական խնդիրներ ունենալ:

Ի տարբերություն ԹՊՀ-ի ծրագրի, Իլիայի պետական համալսարանում ուսանողներն ունեն նախապատրաստական կուրսում առարկա ընտրելու իրավունք, այս մասին մեզ պատմեց Նադյա Հարությունյանը, ով ևս այս տարի է ավարտել «1+4» ծրագիրը և շատ գոհ է արդյունքից: Նա իր խոսքում նշեց, որ հատուկ է հենց այդ համալսարանն ընտրել, որովհետև ավագ ընկերներից շատ է լսել, որ այնտեղ դասերն ավելի հետաքրքիր և արդյունավետ են անցնում:

«Մեր դասերը հետաքրքիր էինք անցնում, որտեղ ոչ միայն ինչ-որ վարժություններ էր պետք կատարել, այլև պրակտիկ աշխատանքներ, որոնք օգնում էին ավելի հեշտ յուրացնել դասը։ Դասախոսների մոտեցումը և ուշադրությունը ևս մեծ դեր է խաղում։ Վատն այն էր, որ օրինակ՝ ընտրովի առարկայի դեպքում խմբում միասին կարող էին հայտնվել լեզվի տարբեր մակարդակներ ունեցող ուսանողներ, բայց դասախոսները բոլորից պահանջում էին միանման արդյունք», – հավելում է Նադյան։

Ավելացնելով նաև այն փաստը, որ ի տարբերություն այլ համալսարանների, իրենք քերականություն առարկան անցել են միայն առաջին կիսամյակում, որն ըստ իրեն պետք է լիներ երկու կիսամկայում էլ:

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանող Ռիփսիմե Ղարսլյանն այս տարի է ավարտել նախապատրաստական կուրսը, ուսումը շարունակելու է էկոնոմիկայի բաժնում։ Նա նույնպես նշում է, որ նախքան համալսարան ընդունվելը վրացերենին լավ չի տիրապետել։

«Մեր համալսարանի ծրագրից գոհ եմ։ Ավագ ընկերներից միշտ խորհուրդներ եմ ստանում, որ լավ արդյունք ունենալու համար շատ աշխատանք է անհրաժեշտ, դասերը հասկանալի և պարզ են անցկացվում։ Վատն այն է, որ շրջապատում բոլորը հայերեն են խոսում և դա բարդացնում է լեզվի լիարժեք ընկալումը, քանի որ լավ տիրապետելու համար շատ կոմունիկացիա է անհրաժեշտ», – ասում է Ռիփսիմեն:

Ուսանողների կարծիքները տարբեր են, այստեղ բարդ է ասել, թե որ համալսարանում է  «1+4» ծրագիրը ավելի արդյունավետ գործում։ Պարզելու համար, թե ինչո՞ւ նման մեծ տարբերություն կա համալսարաններում, քանի որ ծրագիրը մեկ է, խոսել ենք «1+4» ծրագիրը տարիներ շարունակ ղեկավարած Կախա Գաբունիայի հետ, ով հաստատեց, որ համալսարաններն իրենք են ընտրում ուսումնական ծրագիրը:

«Գոյություն ունի ընդհանուր ստանդարտներ և ծրագրի բնութագրիչներ, որոնք սահմանվում են «Որակի զարգացման կենտրոնի» կողմից և ցանկացած ուսումնական հաստատություն, որտեղ գործում է «1+4» ծրագիրը պարտավորվածություն ունի հետևել և առաջնորդվել այդ սահմանումներով: Ինչ վերաբերվում է կրթական ծրագրին, ապա տարբեր համալսարաններ իրենք են մշակում նախընտրելի ծրագիրը, դասերի ցանկը և գրականությունը՝ չխախտելով հստակ ստանդարտները: Որակի ապահովման համար, համալսարաններն անցնում են հավատարմագրում, այսինքն դա նշանակում է, որ կոնկրետ համալսարանը համապատասխանում է բոլոր չափանիշներին, դրանից հետո մոնիթորինգ չի իրականացվում, քանի որ հավատարմագրում անցնելը հենց խոսում է այն մասին, որ համալսարանն իր պարտավորությունները լիարժեք է կատարում», – ասում է Գաբունիան:

2010 թվականից Վրաստանում մշակվել է հատուկ արտոնյալ քաղաքականություն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների բարձրագույն կրթության հասանելիության համար, այսպես կոչված «1+4» ծրագիրը, որը էթնիկ դիմորդին հնարավորություն է տալիս ընդհանուր ունակությունների թեստը հանձնել մայրենի լեզվով: Համապատասխան միավորներ հավաքելու դեպքում դիմորդները 1 տարի կսովորեն վրացերեն և դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում կշարունակեն ուսումն իրենց նախընտրած ֆակուլտետներում։

Այս ծրագիրը քաղաքացիական ինտեգրման և ազգային փոքրամասնությունների բարձրագույն կրթության հասանելիության խթանման կարևոր մեխանիզմներից մեկն է: Ընդգծենք, որ 2010-2024 թվականներին տարեցտարի ավելացել է ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների թիվը։ Միայն 2020-2022 թվականներին գրանցվել է աննշան նվազում, ինչը պայմանավորված է եղել համաճարակով։ Այդ ժամանակից ի վեր ծրագրում ընդգրկված էթնիկ փոքրամասնությունների թիվը շարունակում է աճել: