Վրաստանի դպրոցներն ու մանկապարտեզները չեն ծրագրում վերսկսել ուսումնական գործընթացը, քան նախատեսված էր, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Այսօր լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Դեռևս չի ծրագրվում հետաձգել դպրոցների և մանկապարտեզների կրթական պրոցեսի մեկնարկի ամսաթիվը։ Այն հավանաբար, կվերսկսվի այն ժամանակ, երբ դա սովորաբար տեղի է ունենում Վրաստանում: Կարևոր է, որ ԿԳՆ-ն ակտիվ համագործակցում է Առողջապահության նախարարության հետ և այս ամենը դիտարկման փուլում է լինելու», – ասել է Տիկարաձեն:
Նա հավելել է, որ բոլոր որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:
Նախարարը նշել է, որ առողջապահության ոլորտը ներկայումս նախապատրաստվում է հարկ եղած դեպքում ընդունել ցանկացած քանակությամբ վարակված բուժառուների:
Մարտի 2-ից Վրաստանում դադարեցվել էր կրթական գործընթացը: Ուսման վերսկսման ամսաթիվը հետաձգվել էր երեք անգամ` արդյունքում որոշվել է, որ դպրոցներն ու մանկապարտեզները չեն ընդունի աշակերտներին մինչև սեպտեմբեր, իսկ համալսարաններն անցել են հեռավար կրթության:
Վերջերս մի քանի տասնյակ դպրոցների տնօրեններ խնդրանքով էին դիմել ԿԳՆ-ին՝ թույլտվություն տալ սկսելու ուսումնական գործընթացը սեպտեմբերի սկզբին, այլ ոչ թե՝ 15-ին, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում: Գերատեսչությունն իր հերթին նշել էր, որ դա կախված կլինի նրանից, թե կրթական հաստատությունները որքանով են պատրաստ իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման համար տրված բոլոր հանձնարարականները:
Ըստ վերջին տվյալների` համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1160, կորոնավիրուսային վարակից բուժվել է 935 մարդ, մահացել` 17-ը: