Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվում: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համակարգող խորհրդի նիստից հետո՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Ըստ Գախարիայի, բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրությունը: Արտակարգ դրության խախտման համար սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձանց համար՝ 3000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար:

«Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրությունը: Հակառակ դեպքում, արտակարգ իրավիճակների խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության՝ տուգանքի, ֆիզիկական անձանց համար` 3000 լարի, իսկ իրավաբանական անձանց համար` 15,000 լարի: Նույն խախտումը կրկին անգամ կենթարկվի քրեական պատասխանատվության՝ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Արտակարգ իրավիճակի պահպանման նպատակով, իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի միջոցառումները: Դուք տեղյակ եք, որ որոշ միջոցառումներ արդեն ներդրվել են, բայց հարկ է նշել, որ կառավարության կողմից իրականացվող այս գործողությունները խորհրդատվական բնույթ էին կրում: Այն բանից հետո, երբ նախագահը համաձայնվի այս որոշման հետ և այն հաստատվի խորհրդարանում, այդ գործողությունները պարտադիր բնույթ կկրեն», – նշել է Գախարիան:

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն արտակարգ դրության ժամանակ.

Մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտման համար անձը հարկադրաբար կտեղափոխվի համապատասխան հիմնարկ։ Ցանկացած խախտման համար կկիրառվեն պատժամիջոցներ։ Միջազգային ուղևորատար հաղորդակցության համար կգործեն սահմանափակումներ, դրանք չեն վերաբերի բեռնափոխադրումներին:

Սահմանվում են պետական ​​ծառայությունների տարբեր կանոններ և ժամկետներ: Վրաստանի կառավարությանը կտրվի իրավունք, անհրաժեշտության դեպքում, բժշկական նպատակներով սահմանափակել կարանտինային կամ մեկուսացման կարգը խախտած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքն ու նյութական միջոցները:

Արգելվում է ավելի քան 10 անձանց հավաքը։ Կառավարությունն իրավունք կունենա մասնավոր կազմակերպություններին, գործարար կառույցներին սահմանափակել կամ հրահանգել կատարել կոնկրետ գործունեություն։

Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղերի, բժշկական ծառայությունների և առաջնային անհրաժեշտության ապրանքների գները:

Կառավարությունը կսահմանի կրթության ոլորտին առնչվող Վրաստանի օրենսդրությամբ սահմանված դրույթներից տարբերվող կանոններ ու պայմաններ: Անհրաժեշտության դեպքում, կառավարությունը կկարողանա իրականացնել համապատասխան բժշկական կրթությամբ և որակավորմամբ անձանց մոբիլիզացումը։

Կառավարության ​​նիստերը կարող են անցկացվել հեռավար կարգով: Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը։