Աշխատանքի տեղավորման հարցը Վրաստանում թերևս ամենացավոտ թեմաներից մեկն է, որն անհանգստացնում է տարբեր տարիքային խմբի մարդկանց: ԲՈՒՀ-ը նոր ավարտած երիտասարդի համար այս հարցը կրկնակի բարդ է, քանի որ աշխատաշուկայում շատ հաճախ փորձառու մասնագետների են փնտրում:
Անգամ աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների դեպքում շատ շրջանավարտներ հմտությունների բացակայության պատճառով համալրում են գործազուրկների շարքերը։
Jnews-ը բազմիցս խոսել է ԲՈՒՀ ընդունվող երիտասարդների հետ, ովքեր մեծ ոգևորությամբ են ընտրում այս կամ այն մասնագիտությունը և հույս ունեն, որ հետագայում աշխատանք գտնելու հետ խնդիր չեն ունենա։ Սակայն ինչպես հետո է պարզ դառնում, դա այնքան էլ այդպես չէ։
Այս անգամ խոսել ենք համալսարանն ավարտած ուսանողների հետ, ովքեր արդեն մասնագետ են, սակայն բախվում են աշխատանք գտնելու խնդրին:
«Պատրաստվում ես, հանձնում քննություններ, ընդունվում և մի քանի տարի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ հաղթահարելուց հետո գալիս է ավարտական միջոցառումը։ Հագնում ես համալսարանի ավարտական շորերը և ուրախանում՝ մտածելով, որ ամեն բան լավ է, մտքիդ մեջ մտածում ես, որ դու կարողացել ես ինքդ քեզ ապացուցել, որ ի զորու եղար երազանքներիդ մասնագետը դառնալ: Ավարտվում է միջոցառումը, դուրս ես գալիս համալսարանի դռներից և առաջին միտքը, որը գալիս է գլխումդ «հիմա ինչ եմ անելուն» է», – ահա այսպես է նկարագրում իր զգացողությունները մեզ հետ զրուցած ուսանողներից մեկը:
Հիմնական բարդությունները կապված են մասնագիտությամբ ազատ հաստիքներ գտնելու հետ, հաճախ մեկ հաստիքի համար հարյուրավոր մարդիկ են դիմում, երբեմն էլ աշխատավարձը անհամեմատ շատ քիչ է լինում պարտականությունների համեմատ:
ԹՊՀ-ի իրավագիտության բաժինն այս տարի ավարտած Արմինե Բոզոյանը, ով Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղից է, աշխատանք է փնտրում։
Նա նշում է, որ դեռ 4-րդ կուրսից է սկսել որոնումները, սակայն դա շատ բարդ և ժամանակատար պրոցես է: Նրա համոզմամբ աշխատանքի մասին դեռ սկզբնական կուրսերից է անհրաժեշտ մտածել և ցանկալի է, որ ուսանողն իր մասնագիտական ոլորտում սկսի քայլեր անել, ուսումնասիրել աշխատաշուկան, մասնակցի ստաժավորման ծրագրերի, չմոռանալով ոչ ֆորմալ կրթության մասին։
«Ցանկացած երիտասարդի համար ցանկալի և կարևոր է, որ սկսի աշխատել իր մասնագիտությամբ։ Բայց շատ հաճախ պետք է սկսել փոքր քայլերից, միշտ չէ, որ ստացվում է լավ պայմաններով և ցանկալի աշխատավարձով աշխատանք գտնել։ Պետք է փորձ ձեռք բերել, լինել համբերատար և չսպասել, որ համալսարանն ավարտելուն պես աշխատանքի թափուր հաստիքը մեզ է սպասելու», – ասում է Արմինեն:
Նա մի քանի անգամ դիմել է իրավաբանական ուղղությամբ աշխատելու համար, սակայն որոշ դեպքերում պահանջները շատ բարձր են եղել, որոշ դեպքերում օտար լեզուների լավ իմացություն են պահանջել։ Նշում է՝ ամենամեծ խնդիրն այն է, որ մեծամասամբ պահանջում են աշխատանքային փորձ։ Արմինեի կարծիքով, նոր ավարտած ուսանողի համար դժվար է բավարարել այդ կետը, այդ պատճառով որոշել է մնալ Թբիլիսիում, բարելավել օտար լեզուների իմացությունն ու աշխատել։ Իրեն փորձել նաև այլ ոլորտներում, իսկ երբ բավարար պատրաստ լինի, ավելի հեշտ կկարողանա ցանկալի աշխատանք գտնել:
«Կարծում եմ, աշխատանք գտնելու բարդությունների առաջացման պատճառներից մեկն այն է, որ համալարաններում ուսանողին տալիս են միայն տեսական գիտելիքներ։ Չկա պրակտիկ ոչ մի աշխատանք, որտեղ ուսանողը կկարողանա իրեն փորձել, ցույց տալ կարողությունները և տեսական գիտելիքը համեմել փորձնական աշխատանքով: Օրինակ՝ մենք անցնում էինք պայմանագրերի կազմման մասին առարկա, սակայն ոչ մի տեսակի պայմանագիր չենք տեսել, մենք սովորել ենք դրանց կազմելու ձևերը, բայց երբեք չենք կազմել և հենց այդ պատճառով էլ առարկան հանձնելուց հետո ուսանողների մեծամասնությունը իրարից չի տարբերում փաստաթղթերի տեսակներն ու ձևերը», – հավելում է Արմինե Բոզոյանը:
Արմինեն ավարտական կուրսում սովորող ուսանողներին խորհուրդ է տալիս մասնակցել հնարավորինս շատ ծրագրերի, լինի դա թրեյնինգ թե ստաժավորում, փորձել իրենց տարբեր ոլորտներում, հավաքել փորձ։ Ոչ մի պարագայում միայն դասի տուն ռեժիմով չսահմանափակվել։