Վերջին տարիներին Ախալքալաքում ակտիվ տարածում է գտել կրթության ոչ ֆորմալ տարբերակը, այն սկսել է հետաքրքրել ոչ միայն երիտասարդներին, այլ նաև ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող ծրագրերին:

Jnews-ը զրուցել է երիտասարդների հետ, ովքեր ակտիվ մասնակցում են տարբեր թրեյնինգների, փորձելով այդկերպ դրսևորել իրենց նախասիրությունները և լրացնել հետաքրքրությունները: Ոչ ֆորմալ կրթությունն իր մեջ ներառում է տարբեր թեմաներ, ինչպիսիք են էկոլոգիան, առողջապահությունը, մեդիագրագիտությունը, քաղաքականությունը, կրթությունը և այլն:

20-ամյա Ժաննա Չոգանդարյանը սովորում է Իլիայի պետական համալսարանում, առաջին մասնագիտությունն անգլերենն է, երկրորդը՝ բիզնես կառավարումը: Բայց նա հետաքրքրված է նաև մեդիա ոլորտով: Ոչ ֆորմալ կրթությամբ սկսել է զբաղվել դեռ պատանեկան հասակից: Ինչպես ինքն է նշում այդ ժամանակահատվածում հասարակության մեջ տարածված տարբեր կարծրատիպերի պատճառով նույնիսկ ամոթ էր մասնակցել թրեյնինգների կամ որոշ ակտիվությունների, բայց նա մեծ ոգևորվածությամբ սկսել է մասնակցել դրանց և հետո արդեն ինքն է իրականացրելով հանդիպումներ իր հասակակիցների համար:

«Բացի Ախալքալաքից վերապատրաստվում էինք նաև Թբիլիսիում, որպեսզի կարողանանք տարբեր գյուղերում թրեյնինգներ կազմակերպել: Իմ ծնողները ինձ աջակցում են և ոգևորում, ցանկանում եմ նաև նշել այն, որ իմ աշխատած առաջին գումարը նույնպես ոչ ֆորմալ կրթության միջոցով եմ ստացել, սակայն շատ ծրագրեր անցկացնում եմ կամավորական հիմունքներով»,- ասում է նա:

Ժաննան խոսում է նաև դպրոցում ստացած գիտելիքների, դրանց թերի լինելու և ոչ ֆորմալ կրթության միջոցով բացերը լրացնելու մասին՝ նշելով, որ մասնակցելով տարբեր ծրագրերի ավելի շատ ինֆորմացիա է ստացել հատկապես այն ժամանակ, երբ դպրոցական կրթությունն առցանց ձևաչափով էր ընթանում:

Ժաննան այս պահին մասնակցում է Համաշխարհային կրոնների ակումբի կողմից կազմակերպված հանդիպումներին:

«Մեր նպատակն է մասնակիցներին տեղեկացնել համաշխարհային կրոնների մասին, այս դասընթացները տևելու են երեք ամիս», – ասում է ծրագրի կոորդինատոր Ռուսուդան Աբցիաուրին:

Թեմաները հիմնականում քրոստոնեության, իսլամի, բուդդիզմի, ինդուիզմի մասին են, բայց եթե մասնակիցների մոտ ցանկություն է առաջանում հավելյալ թեմաների մասին տեղեկանալ, ապա դա կարող է անել այս ծրագրի շրջանակներում:

«Դպրոցում հնարավոր է ինչ-որ բացեր մնա որևէ թեմայի շուրջ, օրինակ՝ կրոնի, և հենց ոչ ֆորմալ կրթության միջոցով մենք փորձում ենք այդ բացը լրացնել: Ինչ վերաբերվում է ընդհանուր ոչ ֆորմալ կրթությանը, կարծում եմ այն լավ հնարավորություն է տալիս որոշակի միջոցներով ամրապնդել գիտելիքները, բացի այդ այն ազդում է մարդկանց կրիտիկական մտածողության վրա, հատկապես շրջանում ապրող, որտեղ առկա են տարբեր բարիերներ», – ասում է ծրագրի կոորդինատոր Ռուսուդան Աբցիաուրին:

Ակտիվ երիտասարդներից է նաև Խուլգումո գյուղից Ռաիսա Զանդարյանը, ով 12-րդ դասարանի աշակետուհի է, մասնակցում է տարբեր թրեյնինգների:

«Իմ կարծիքով, կարդալուց բացի մարդ պետք է պրակտիկ կերպով ևս օգտագործի իր գիտելիքները, որի հնարավորությունը տալիս է ոչ ֆորմալ կրթությունը: Իհարկե, դպրոցում սովորում ենք տարբեր նյութեր ու գրականություն, բայց հաճախ այն չենք գործածում, իմ շրջապատում երիտասարդների մեծամասնությունը հետաքրքրված են թրեյնինգներով, օրինակ՝ ես և ընկերուհիներս միշտ միասին ենք մասնակցում դրանց»,- ասում է Ռաիսան:

Նոր ծրագրեից մեկը, որը վերջերս մեկնարկեց՝ «Ջավախքում քննադատական մտածողության դպրոցն» է, որն իրականացվում է Սոցիալական արդարության կենտրոնի կողմից Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և համայնքի լիդերների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ, ինչպես նաև ստեղծել կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ:

Jnews-ի հետ զրույցում Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն նշեց, որ որպես թիրախային խումբ է ընտրվել Սամցխե Ջավախեթին, քանի որ, ըստ նրա՝ համայնքում բարեփոխումներ իրականացնելու համար կարևոր է տեղում ակտիվիստների ներգրավվածությունը: Դպրոցում սովորելու հնարավորություն է ընձեռվել բարձրագույն կրթություն ունեցող կամ ավարտական կուրսի 20-ից-35 տարեկան 25 անձի