Ջավախքում այսօր շատերը չեն կարող աշխատանք գտնել իրենց տարիներ շարունակ դժվարությամբ ձեռքբերված մասնագիտությամբ, իսկ ոմանք էլ մասնագիտական բարձրակետին հասնելիս ձգտում են դեպի մեծ քաղաքներ: Ջավախքի փոքրիկ աշխատանքային շուկան չի կարող պահել կամ գրավել լավ մասնագետների, ինչի պատճառով շուկայում միշտ պահանջարկ կա, միևնույն ժամանակ բնակչության զբաղվածությունը շատ ցածր է:

Ջավախքում ընդունված է, որ ծնողներն ամեն ինչ զոհաբերում են, որպեսզի իրենց երեխաները բարձրագույն կրթություն ստանան։ Մտածելով, որ այն ապահովում է երեխայի բարեկեցիկ կյանքը։ Բայց այստեղ խնդիր է նաև ընտրած մասնագիտությամբ աշխատանք գտնելը։

Եթե 10-15 տարի առաջ Ջավախքից շրջանավարտների գերակշիռ մասը Երևանում էր բարձրագույն կրթություն ստանում և Ջավախք վերադառնալուց հետո պետական լեզվի չիմացության խնդրի պատճառով չէին կարողանում աշխատանք գտնել, սակայն 1+4 ծրագրի ներդրումից հետո (2010 թ.), երիտասարդները գնում են Թբիլիսի։ Ենթադրվում էր, որ պետական լեզուն իմացող, բարձրագույն կրթությամբ մասնագետն իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցում որևէ էական խոչընդոտի չպետք է հանդիպեր, բայց պարզվում է այդպես չէ։

«Չեմ աշխատում իմ մասնագիտությամբ, քանի որ այն Ախալքալաքում այնքան էլ պահանջված չէ»

Արթուրը մասնագիտությամբ կինոռեժիսոր, լուսանկարիչ է, սակայն չի աշխատում որպես կինոռեժիսոր, բայց աշխատանքին զուգահեռ լուսանկարչությամբ է զբաղվում։

ArturԱրթուր Մոսոյան

«Հիմա չեմ աշխատում իմ մասնագիտությամբ, քանի որ այն Ախալքալաքում այնքան էլ պահանջված չէ։ Այդ աշխատանքով ընտանիք ես չեմ կարող պահել»:

Մասնագիտության ընտրության հարցը Արթուրի համար դժվար չի եղել, որովհետև նախքան դպրոցն ավարտելը Ախալքալաքում մասնակցել է տարբեր ծրագրերի՝ թե Jnews-ի կազմակերպած, թե GIPA-ի դասընթացներին, GIPA-MEDIA-LAB-ին ու հենց այդտեղ էլ կատարել է մասնագիտության ընտրությունը, դպրոցն ավարտելուց մոտ երկու տարի առաջ։

«Սովորելու ընթացքում ունեցել եմ այդ կասկածամտությունը, որ հնարավոր է այն մասնագիտությունը չէր, որը պահանջված էր, հատկապես Ախալքալաքում, ու, քանի որ միտք ունեի վերադառնալու, այդ կասկածները կային, որ միգուցե սխալվել եմ։ Բայց ամեն դեպքում շարունակեցի ու ավարտեցի»:

Անկախ այն բանից, որ Արթուրն այսօր իր ընտրած մասնագիտությամբ չի աշխատում, միևնույն է վստահեցնում է՝ եթե նորից մասնագիտություն ընտրելու լիներ, ապա կրկին կառաջնորդվեր իր նախասիրություններով, ոչ թե աշխատաշուկայի պահանջարկով։

Artur Mosoyan  Արթուր Մոսոյանը սեփական արագ սննդի կետում

Կինոռեժիսորի մասնագիտությունը Արթուրին ինչ-որ չափով օգնում է ներկայիս աշխատանքում՝ արագ սննդի պատրաստման ու սպասարկման ոլորտում, քանի որ, ըստ Արթուրի, ինչպես լուսանկարչության մեջ, այնպես էլ ներկայիս աշխատատեղում իր շփումը հասարակության հետ է:

«Իմ մասնագիտությունները մեկը մյուսին լրացնում են։ Ես ինքս եմ լուսանկարում, reel(րիլ) պատրաստում, որպեսզի գովազդեմ իմ սննդի կետը։ Այսինքն՝ իմ բուն մասնագիտությունը ինձ օգնության է հասնում աշխատանքում։ Գիտեք, բիզնեսը հաջողված լինելու համար պետք է այն լինի հանրային, տեսանելի: Դա այսօր ապահովում են սոցցանցերը»:

Մի տարի առաջ Արթուրի սպասելիքները շատ ավելի մեծ էին, քան հիմա, որ արդեն մի քանի ամիս աշխատելուց հետո ունի։

«Շատ բաներ կան, որ Ախալքալաքում չկա ու դժվար է լոգիստիկ հարցերը լուծել, օրինակ՝ Թբիլիսիից կամ Հայաստանից ինչ-որ ապրանք բերելը»։

 

Արթուրն ասում է՝ անշուշտ հնարավոր է աշխատել առանց մասնագիտական կրթության, սակայն այդուամենայնիվ կողմ չէ, որ մի մասնագիտություն սովորած մարդիկ աշխատեն մեկ այլ մասնագիտությամբ։

Ապրուստի միջոց, մեր հերոսի կարծիքով՝ հնարավոր է ամեն տեղ էլ գտնել։ Իսկ թե ինչո՞ւ Արթուրը շատերի նման չի բռնել խոպանի ճանապարհը, ասում է․

«Իմ ընտանիքից ոչ ոք խոպան չի գնացել, մոտիկ շրջապատում ևս քչերն են գնում, այսինքն՝ խոպանը մեր ընտանիքում ընդունված չէ։  Ես խոպանի փոխարեն ընտրել եմ տեղում մնալը, որպեսզի առանձին չապրենք»։

«Եթե այսքան ծանրաբեռնված աշխատեմ մեծ քաղաքում, հենց Ամերիկայում, ավելիին կհասնեմ»

Մասնագիտության փոքր պահանջարկը, սահմանափակ աշխատաշուկան, ցածր աշխատավարձը, սխալ մասնագիտական ընտրությունը․․․ թվարկված և այլ պատճառներով մասնագետները բախվում են աշխատանք գտնելու խնդրին:

Մեր  հերոսուհին ևս անցել է որոշակի փորձաշրջան՝ մասնագիտության փոփոխությունից առաջ:

Հռիփսիմե Օվանօղլյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, մագիստրոսի աստիճանով։ Սովորել է նաև հաշվապահություն։ Որևէ մասնագիտություն, ըստ Հռիփսիմեի, իրեն չի խանգարել, այլ ընդհակառակը դրանք միմյանց լրացրել են: Տնտեսագետի մասնագիտությամբ Ախալքալաքում աշխատանքի է տեղավորվել բանկում, սկզբում որպես օպերատոր, հետո եղել է օպերատիվ խմբի ղեկավար, սերվիս մենեջեր և իր աշխատասիրության շնորհիվ հասել է իր ուզած արդյունքին։

«Ֆիզարձակուրդ պետք է գնայի, փնտրում էի հաշվապահական կուրսեր, ինչի՝ որովհետև բանկի հաճախորդներն անընդհատ հարցնում էին, թե լավ հաշվապահի տեղ չգիտեմ։ Ինձ համար դա միտք էր: Փնտրեցի ու գտա օնլայն կուրսեր՝ Քութայիսի բիզնես ակադեմիայում։ Եվ ես կարողացա հասնել նրան, որ արդեն ինքս եմ դասավանդում, սովորեցնում ոլորտում տարիների փորձ ունեցողներին»:

Հռիփսիմե Օվանօղլյանը ռուսական դպրոց է ավարտել, չիմանալով հայերեն գրել կարդալ, հայկական բուհ է ընդունվել։ Այնուհետև, վրացերենի տարրական գիտելիքներով Ախալքալաքում աշխատանքի է տեղավորվել բանկում որպես օպերատոր։ Այսօր նա աշխատաշուկայում պահանջված հաշվապահ է․ մի շարք բիզնեսների ու ընկերությունների հաշվապահություն է անում, թրեյնինգներ վարում։

Ripsime OvanoghlyanՀռիփսիմեն հաշվապահական դասընթացի ժամանակ 

Երիտասարդներին խորհուրդ է տալիս մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել՝ և աշխատաշուկայի պահանջներով, և սեփական նախասիրություններով։

«Եթե մարդ ուզում է գումար վաստակել, ապա ցանկացած սիրած մասնագիտությունով կարող է դա անել։ Եթե գործդ չսիրես, ուրեմն գործի մեջ հաջողություն չես ունենա, ըստ այդմ էլ՝ գումար չես կարող վաստակել։ Դրա համար առաջնայինը պետք է սիրել մասնագիտությունը»:

Ասում է՝ մեր երիտասարդների ամենատարածված սխալը դա մասնագիտութան սխալ ընտրությունն է, շատ անգամ ծնողն է երեխայի փոխարեն ընտրում։RipsimeՀռիփսիմեն աղջկա հետ արձակուրդի ժամանակ

Չնայած մեր հերոսուհին իր ոլորտում պահանջված մասնագետ է, կայացած անձնավորություն, բայց պատրաստվում է Ամերիկա մեկնել։

«Գնում եմ, քանի որ ուզում եմ, որ իմ երեխաները լավ ապագա ունենան, իրենք սովորեն մասնավոր դպրոցներում, լավ կրթություն ստանան։ Այստեղ էլ իմ երեխաները ամեն տեղ գնում են՝ նկարչական, պար, լող, հայերեն, բայց ամեն դեպքում մեծ քաղաքում հնարավորությունները մեծ են։ Ես մտածում եմ, որ եթե այսքան ծանրաբեռնված աշխատեմ մեծ քաղաքում, հենց Ամերիկայում, որտեղ աշխատուժը շատ բարձր է գնահատվում, ավելիին կհասնեմ»:

Որպեսզի Հռիփսիմեն հասնի իր երազանքին, նա տարիներ շարունակ ջանասիրաբար սովորել ու աշխատել է, մի քանի գիտական հոդվածների հեղինակ է։ Արդեն ԱՄՆ Միգրացիոն ծառայությունից ստացել է որպես արտասովոր մարդ երկիր մուտք գործելու բացառիկ թույլտվություն և մի քանի ամսից պատրաստվում է ընտանիքով տեղափոխվել Լոս Անջելես։

Հռիփսիմեն դասավանդում է հաշվապահական կուրսեր Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում: Կենտրոնը վարում է կուրսերը, քանի որ տեղում լավ հաշվապահների կարիքը մեծ է: Կենտրոնը փորձում է մինչև Հռիփսիմեի գնալը ինչքան հնարավոր է շատ մասնագետ վերապատրաստել, կամ սովորեցնել: Կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն գտնում է, որ Ախալքալաքում աշխատաշուկան չի ձգտում լավ մասնագետներին տեղում պահել։

«Այստեղ պետք է հաշվի առնել այն փաստը, որ մեր լավագույն մասնագետները կամ հետ չեն վերադառնում, կամ էլ վերադառնալուց որոշ ժամանակ անց թողնում գնում են։ Մարդիկ գնում են, քանի որ աշխատանքային տեղերը մեր մոտ քիչ են։ Երկրորդը, դա ցածր աշխատավարձն է»:

Արդյո՞ք Վրաստանում ուսումնասիրվում է աշխատանքային շուկան, ի՞նչ մասնագիտությունների պակաս է զգացվում Ջավախքում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այդ բացը լրացվի, այս և այլ հարցերով Jnews-ը դիմել է Աշխատանքի տեղավորման աջակցության պետական գործակալություն դեռ հուլիս ամսին, պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։