Ճգնավոր (Ծաղկավանք) սրբավայրում, որը գտնվում է Խուլգումո գյուղի և քաղաքի միջև ընկած կիրճում, երկաթե երկու աստիճաններ են կառուցվել, որպեսզի մարդիկ սրբավայր ուխտագնացության գնալիս հարմար իջնեն, ինչպես նաև կառուցվում է արահետ դեպի սրբավայր։ Այս ամենի նախաձեռնողը բարերար Թումաս Չիվչյանն է, սակայն շինարարությանն իրենց ներդրումն ունեն տեղական իշխանությունները և Խուլգումո գյուղի բնակիչները։

chgnavor5

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ դեպի Ճգնավոր նոր ճանապարհի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Խուլգումո գյուղի բնակիչներ և պարզապես հյուրեր։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասաց, որ շինարարությանն իրենց ներդրումն ունեն տեղական իշխանությունները և Խուլգումո գյուղի բնակիչները։ Խուլգումոյի բնակիչները վարձակալությամբ են տալիս իրենց հողատարածքները և հավաքված գումարը ծախսում են գյուղի բարեկարգման վրա։

«Շնորհակալություն Չիվչյանին, բայց այդ շինարարությունում իրենց ներդրումն ունեն նաև պետությունը և բնակիչները: 25000 լարին պետական ​​ներդրումն է, 12000 լարին՝ բնակիչների հավաքած միջոցները։ Շնորհակալություն բնակիչներին, որ կարողացել են իրենց սուղ միջոցներից գումար հատկացնել։ Ուրախ ենք, որ յուրաքանչյուր գյուղում, զբոսաշրջության զարգացման համար, ենթակառուցվածքներ են կառուցվում »,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Եթե ​​այս տարի շինարարությունն ամբողջությամբ չավարտվի, բնակիչները պատրաստ են հաջորդ տարի իրենց հողատարածքների վարձավճարը ևս ծախսել այս շինարարության վրա։

chgnavor4

Բարերար Թումաս Չիվչյանը կարևոր է համարում համագյուղացիների համար հարմարություններ ստեղծելը։

Այսօրվա դրությամբ կառուցվել են երկու երկաթե աստիճաններ և փոքրիկ կամուրջ։ Ճանապարհի բարեկարգումը դեռ անավարտ է։ Չիվչյանի խոսքով, ճանապարհը բետոնապատվելու է։

«Բնակչության համար անհարմար էր իջնել քարքարոտ ժայռերով, ուստի որոշեցի աստիճաններ կառուցել և մարդկանց համար հեշտացնել Ճգնավոր հասնելը: Նաև լողավազան կառուցեցի, որ մարդիկ այնտեղ լողանան, քանի որ գետի ջուրը շատ կեղտոտ է և հնարավոր չէ լողանալ, իսկ լողավազանը լցված է մաքուր, աղբյուրի ջրով»,- ասաց բարերար Թումաս Չիվչյանը։

chgnavor2

Թումաս Չիվչյանը նաև պլաններ ունի, լեռան ստորոտում, գյուղի համար նոր գերեզմանոց կառուցել:

Միջոցառմանը հավաքված հյուրերն իջան նոր աստիճաններով ու գնացին Ճգնավոր, որտեղ Խուլգումո գյուղի եկեղեցու հոգեւորականները կատարեցին աղոթքի հատուկ կարգ։

chgnavor1

Թումաս Չիվչյանը հայտնեց, որ ճանապարհի բարեկարգման ժամանակ շինարարները գտել են իր հորեղբոր տապանաքարը, ում անունը նույնն է եղել, ինչ իր անունը՝ Թումաս։

chgnavor3