Մայիսի 4-ին Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Մշակութային կամուրջ» պարի փառատոն:
Փառատոնին մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի պարային խմբերը, ինչպես նաեւ համույթներ՝ Թբիլիսիից, Ծալկայից եւ Ասպինձայից: Փառատոնին մասնակցելու էին ժամանել նաև Հայաստանից:
Թե երիտասարդ մասնակիցները, և թե նրանց ծնողները ոգևորություն էին ապրում, քանի որ երեխաներին միշտ չէ, որ մեծ բեմում՝ հանդիսատեսի առջեւ ներկայանալու հնարավորություն է տրվում:
Հանդիսատեսին ներկայացվեց տարբեր ազգագրական պարեր:
Փառատոնին ներկա էին նաեւ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Մշակույթի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը և այլոք:
«Ես հիացած եմ փառատոնին ներկայացված պարերից, հատկապես հավանեցի փոքրիկների զվարճալի եւ արտիստիկ պարը», – ասաց մի հանդիսատես:
Մշակույթի տան մեծ դահլիճում հանդիսատեսը հազիվ էր տեղավորվել, միջանցքները նույնպես լեփ-լեցուն էր մարդկանցով:
Փառատոնը կազմակերպել էր Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան:
Բրատիսլավ Իգիթխանյան