Վրաստանում կստեղծվի ցողունային բջիջների դոնորների ռեգիստր, իսկ Թբիլիսիի քաղաքապետարանը կֆինանսավորի համապատասխան հետազոտությունները։
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանի «փոխպատվաստման ծրագրի» շրջանակներում կֆինանսավորվի ոսկրածուծի փոխպատվաստման բաղադրիչի հերթական ուսումնասիրությունը, որը հնարավորություն կտա Վրաստանում ստեղծել ցողունային բջիջների դոնորների ռեգիստր։
Կալաձեի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են միանալ դոնոր բանկին և անհրաժեշտ հետազոտություններ կատարել, պետք է համապատասխան փաստաթղթերով դիմեն Թբիլիսիի քաղաքապետարան։ «Ցողունային բջիջների դոնորների ռեգիստրի ստեղծումն իր հերթին կնպաստի Վրաստանում ալոգեն (ոչ բարեկամ) ոսկրածուծի փոխպատվաստման իրականացմանը: Սա կարևոր գործոն է հիվանդի և նրա ընտանիքի համար, քանի որ որոշ չափով կթեթևացնի նրանց ֆինանսական և էմոցիոնալ բեռը:
Ցողունային բջիջների դոնորների բանկի ստեղծումը Վրաստանում իրականացվում է Համաշխարհային ոսկրածուծի դոնոր կազմակերպության համագործակցությամբ և աջակցությամբ։ Կազմակերպության ներկայացուցիչներն անցյալ տարեվերջին այցելեցին մեր երկիր և հանդիպումներ ունեցան օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություններում և քաղաքապետարանում»,- ասել է քաղաքապետը։