Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնը տեղական իշխանությանն է ներկայացնում իր պահանջները ավելի արդյունավետ աշխատանքի համար: Իսկ տեղական իշխանությունն իր հերթին մատնանշում է այս կառույցի աշխատանքային թերությունները:

Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահն ու մշտական հանձնաժողովների նախագահները շրջայց են կատարում տեղական բյուջեից վարձատրվող կազմակերպություններ, պարզելու համար թե ինչքանով արդյունավետ և ինչպիսի պայմաններում են աշխատում դրանք:

Դեկտերմբերի 14-ին, Սակրեբուլոյի աշխատակիցներն առանց զգուշացման այցելեցին Ախալքալաքի Հասարակական Առողջապահության կենտրոն և տեղում ծանոթացան Կենտրոնի գործնեությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Jnews-ը:

Այցելության պահին, ժամը 11:30 սահմաններում Առողջապահության կենտրոնի 23 աշխատակիցներից ընդամենը 9-ն էին գտնվում աշխատավայրում, բացակայողներից 6-ը գտնվում էին արձակուրդի մեջ, իսկ մի քանիսն ընթացքում եկան: Հանդիպմանը ընդհանուր ներկա էին Կենտրոնի 17 աշխատակից:

Ախալքալաքի Ժողովի նախագահն իր խոսքում աբսուրդ համարեց, որ տարեվերջ միաժամանակ արձակուրդում են Կենտրոնի 6 աշխատակից, որոնցից 3-ը բժիշկ են:

«365 օրը պետք է այնպես բաշխեք, որ 30 տոկոսը մեկ օրում արձակուրդ չգնա: Աստված չանի այսօր շրջանում համաճարակ սկսվի, մենք 30 տոկոսին, որտեղից ճարենք», – ասաց Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Առողջապահության կենտրոնի տնօրենը բացատրում է՝ աշխատակիցները ժամանակավոր արձակուրդի մեջ են:

«Այնպես ենք արձակուրդ ուղարկում, որ փոխարինող լինի: Արձակուրդի մեջ գտնվող մարդկանցից մի քանիսը ժամանակավոր արձակուրդ են վերցրել: Թույլատրելի է»,- բացատրեց Առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:

Իսկ տեղական իշխանությունը հակադարձում է՝ եթե կարելի է 6 հոգու միանգամից փոխարինել, ապա ինչի ենք ավելորդ 6 հոգու ավելի աշխատավարձ տալիս:

Կենտրոնի աշխատակիցները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին:

«Դուք իհարկե շատ լավ գիտեք, որ բժիշկներս այստեղ քիչ ենք, 6 բժիշկ: Մենք շատ ուրախ ենք, որ անցած տարի մեր աշխատավարձերը բարձրացրիք, բայց անարդարություն եղավ, բժիշկների աշխատավարձը ընդամենը 20 լարիով է տարբերվում մասնագետների աշխատավարձից: Շատ ուրախ եմ, որ բոլորի աշխատավարձը բարձր է, բայց որպես բժիշկ սա անարդար եմ համարում», – ասաց Կենտրոնի բժիշկներից մեկը:

Մեկ այլ աշխատակից էլ խնդրեց լուծել Կենտրոնի ինտերնետի խնդիրը: Ինչպես պարզվեց կենտրոնում ինտերնետ կա, բայց այն հասու չէ բոլորին, բացակայում է wi-fi-ը: Ընդամենը երկու սենյակում ինտերնետ կա: Բժիշկներից մեկը նշում է.

«Մենակ երկու սենյակում կա ինտերնետ, ինչը դժվար է աշխատակիցների համար, օրինակ ամեն երկուշաբթի էլեկտրոնային հաշվետվություն եմ ուղարկում մեր կենտրոնական վարչություն, իրավիճակի նկարագրություն և այլն: Բայց ամեն անգամ երկրորդ հարկից իջնեմ տեսնեմ, որ համակարգիչն է ազատ, որ ուղարկեմ»:

Ախալքալաքի Հասարակական Առողջապահության կենտրոնի մեկ այլ աշխատակից էլ բողոքում է, որ իր ուզած ժամանակ չի կարող գյուղեր այցելել, քանի որ Կենտրոնը սեփական ավտոմեքենա չունի:

«Մի մեքենա ունենանք, որ գնանք գյուղեր, հիմնարկը մեքենա չունի, մեզի շատ դժվար է ամեն անգամ գնալ գյուղ: Տրանսպորտ ունենք պայմանագրով, բայց 100 տոկոսով չենք կարող գնալ: Եթե սեփական տրանսպորտ ունենանք անընդհատ գյուղեր կգնանք, ստուգումները կշատացնենք, ավելի ռեգուլյար կանենք», – ասաց աշխատակիցներից մեկը:

Առողջապահության կենտրոնը բարեկարգված նոր շենք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Կենտրոնն ունի 23 աշխատակից, ովքեր անվճար առողջապահական ծառայություններ են մատուցում բնակչությանը: Առողջապահության կենտրոնը ֆինանսավորվում է Ախալքալաքի շրջանային բյուջեից: Ավելի կոնկրետ Ախալքալաքի Զինվորական ծառայության և Առողջապահության կենտրոնի համար պետութունը դոտացիա է տալիս 215 000 լարի: Իսկ տեղական իշխանությունը ամեն տարի մոտավոր 70 000 չափով իր բյուջեից է հատկացնում այս երկու կազմակերպությունների աշխատանքային գործնեությունն ապահովելու համար: 2017 թվականի բյուջեից 160 000 լարի է հատկացվել Կենտրոնի գործնեության համար: Այս գումարի առյուծի բաժինը ծախսվում է Կենտրոնի 23 աշխատակիցների աշխատավարձերի վրա:

Հասարակական Առողջապահության կենտրոնը հիմնականում աշխատում է պատվաստումների վրա: Գյուղերին և քաղաքին անվճար դեղորայք է սպասարկում, իսկ այն ստանում է Վրաստանի Ազգային վերահսկողության կենտրոնից: Կենտրոնը նաև հսկում է գյուղերի բուժքույրերի, բժիշկների գործնեությունը, վերահսկում է վարսավիրանոցների սանիտարահիգենիկ վիճակը: Տարին երկու անգամ մոնիտորինգ է անցկացնում և համապատասխան եզրակացություն ուղարկում Ազգային վերահսկողության կենտրոն:

Աղունիկ Այվազյան