«Վրաստանի բժշկական հոլդինգը» դիտարկում է ընթացիկ՝ 2023 թվականին, Արագվա և Դիլիսկա գյուղերի ամբուլատորիաների վերականգնման հարցը, ասված է հոլդինգի նամակում՝ ի պատասխան Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հարցմանը։

2022 թվականի մարտի 1-ից «Վրաստանի բժշկական հոլդինգը», որը ստեղծվել է հատուկ այդ նպատակով, սկսել է առաջնային և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել այն գյուղերում և վայրերում, որտեղ բժշկական կենտրոններ չկան։ Այդ ժամանակվանից սկսվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ամբուլատորիաների կառուցման համար գյուղական ամբուլատորիաները և հողատարածքները պետությանը փոխանցելու գործընթացը՝ հետագայում հոլդինգին փոխանցելու համար։ Ճիշտ նույնքան ժամանակ տեղեկություն չկար, թե կոնկրետ ինչով է զբաղվում Հոլդինգն Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Jnews-ի բազմաթիվ հարցեր հոլդինգի ղեկավարությանը մնացին անպատասխան, տեղական իշխանությունները նույնպես տեղեկություն չունեին նրա գործունեության մասին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն 2023 թվականի հուլիսին նամակ ուղարկեց հոլդինգի ղեկավարությանը` խնդրելով տեղեկացնել տեղական իշխանություններին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել Ախալքալաքի ամբուլատորիաները Հոլդինգին փոխանցելուց հետո և ինչ է նախատեսվում:

Սակրեբուլոյի նամակին ի պատասխան, Հոլդինգը գրում է, որ 2022 թվականից ուսումնասիրություն է իրականացնում գյուղական ամբուլատորիաների վիճակի առնչությամբ։ Ուսումնասիրվել է Վրաստանի ողջ տարածքում գտնվող ավելի քան 1000 ամբուլատորիաների իրավիճակը։

«Արդյունքում բացահայտվել են հետևյալ ենթակառուցվածքային խնդիրները։ Շենքերի մեծ մասն ամորտիզացված է, այդ թվում՝ որոշակի թվաքանակ ունի վերականգնման անհրաժեշտություն, իսկ որոշ դեպքերում նպատակահարմար է նոր շենք կառուցել»,- ասվում է Հոլդինգի պատասխան նամակում։

Նամակում նշվում է նաև, որ ներկայումս Հոլդինգը պայմանագիր է կնքում մեկ այլ ընկերության հետ ամբուլատորիաների վերանորոգման համար։ Այս դեպքում կբարեկարգվեն այն ամբուլատորիաները, որոնք կարիք ունեն տանիքի վերանորոգման, էլեկտրաէներգիայի, ջրի, ջեռուցման, դռների և պատուհանների տեղադրման և այլն։

Վերականգնման/կառուցման գործընթացը կշարունակվի նաև առաջիկա տարիներին։

Հաշվի առնելով կադրերի սղությունը, Հոլդինգը բժիշկներին առաջարկում է նրանց համար հարմարեցված ծրագիր։

«Մենք գյուղաբնակ բժիշկներին առաջարկել ենք ճկուն աշխատանքային գրաֆիկ, մասնավորապես.

– Շաբաթը 5 օր, օրը 4 ժամ
– Շաբաթը 3 օր, օրը 7 ժամ
Դրան համապատասխան ներդրվել է մոնիտորինգի համապետական համակարգ և գյուղական բժշկի աշխատանքային գրաֆիկի կատարման մշտադիտարկում»,- ասված է նամակում։

Նամակում նաև նշվում է, որ 2023 թվականից բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը բարձրացել է 100 լարիով.

– բժշկի աշխատավարձը կկազմի 1162,50 լարի
– բուժքույրերինը՝ 918,75 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն, ստանալով Հոլդինգի պատասխանը, կրկին նամակ է ուղարկել, խնդրելով հետագայում տեղական իշխանություններին տեղեկացնել իրականացվող աշխատանքների, մոնիտորինգների և այլնի մասին։

Նշենք, որ Հոլդինգին արդեն փոխանցվել են Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, էխտիլա, Ալաստան, Կարտիկամ, Կումուրդո գյուղերի ամբուլատորիաները։