Ախալքալաքում հանրային տարածքների ոչ պատշաճ օգտագործման խնդիրն ամենաակտուալներից է, հատկապես ամառային սեզոնին՝ խաղահրապարակներում և զբոսայգիներում ինչ-որ բան անընդհատ փչանում է և երկար ժամանակ մնում է այդ վիճակում։ Jnews-ը կրկին անդրադարձել է այս հարցին՝ պարզելու, թե տեղական իշխանություններն ինչ միջոցներ են նախատեսում ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար։
Հունիսի 10-ին Jnews-ը գրել էր Խաս Բախչա կենտրոնական զբոսայգու խաղահրապարակի վնասման մասին, որից հետո Սպասարկման կենտրոնը մասամբ շտկել էր խաղահրապարակի վիճակը։
Սակայն, չնայած դրան, մեկուկես ամիս անց խաղահրապարակը կրկին անմխիթար վիճակում է գտնվում։ Նշենք, որ սա, բացի համակարգային պատճառներից, պայմանավորված է նաև մունիցիպալիտետի բնակիչների անպատասխանատու վերաբերմունքով, ովքեր խաղահրապարակն օգտագործում են այլ նպատակներով։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ 1-2 օրվա ընթացքում աշխատողներ կուղարկի՝ խնդիրը լուծելու։
«Իմ աշխատողները հիմա զինվորական ավանում են, մուտքերի մոտ հնձում են տարածքները, այնտեղ խոտը մարդկանց բոյի էր հասել: Վաղը կամ առավելագույնը մյուս օրը նրանք կավարտեն և ես նրանց կուղարկեմ զբոսայգի»,- ասաց նա:
Հարկ է նշել, որ ժամանակին սակրեբուլոյի նիստում քննարկված զբոսայգիների ու պուրակների պահպանման համար պատասխանատու հաստիք բացելու հարցը զարգացում չի ստացել։ Այս պատասխանատվության համար առանձին հաստիք չկա, բայց ընդհանուր առմամբ զբոսայգիների ու պուրակների սպասարկումը գտնվում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի պատասխանատվության ներքո։
Jnews-ը հետաքրքրվեց նաև, թե ինչու չի գործում զբոսայգում մեկ տարի առաջ տեղադրված ատրակցիոնը։ Սրան Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանն ասաց, որ ատրակցիոնը մունիցիպալիտետի հաշվեկշռում չէ, և քաղաքապետարանը չի կարող այն օգտագործել։
«Այս ատրակցիոնը մունիցիպալիտետին նվիրաբերել է ընկերությունը, որն իրականացրել է քաղաքի կենտրոնի վերականգնման աշխատանքներ (խմբ. «Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակում ), և այս ատրակցիոնը մեր հաշվեկշռում չի հաշվառված, ուստի մենք դրա հետ ոչինչ չենք կարող անել, մենք չենք կարող դա հենց այնպես միացնել: Երբ մենք կգրանցենք այն մեր հաշվեկշռում, մենք ուզում ենք այն վարձակալել, որպեսզի ինչ-որ մեկը կարողանա շահագործման հանձնել այն», – մեկնաբանեց նա:
Նա նաև նշեց, որ ներկայումս չի նախատեսվում նոր հաստիք ստեղծել աշխատակցի համար, որը կհետևի զբոսայգիների վիճակին։
«Որքան գիտեմ, դրա համար առանձին հաստիք չի հատկացվելու: Ընդհանուր առմամբ, Սպասարկման կենտրոնի և քաղաքի մասնագետների պարտականությունները ներառում են զբոսայգիների վիճակի մոնիթորինգ»,- ասաց Փամբուխչյանը։