Չինական խոշորագույն Air China ավիաընկերությունը սեպտեմբերի 15-ից կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Ուրումչի-Թբիլիսի-Ուրումչի երթուղով: Այս մասին հայտնում է «Վրաստանի օդանավակայանների միավորման» մամուլի ծառայությունը։«Մեզ համար չափազանց կարևոր է, որ մենք շուկայում ունենանք ամենախոշոր չինական ավիափոխադրողին՝ Air China-ին։ Նրանք ունեն և՛ Boeing, և՛ Airbus դասերի 905 օդանավ: Սա արդեն երկրորդ չինական ավիաընկերությունն է, որը սկսում է գործել վրացական շուկայում։ Առանց վիզայի ռեժիմի հաստատումից հետո China Southern Airlines-ն ամեն օր ուղիղ կանոնավոր չվերթեր է իրականացնում Ուրումչիից դեպի Թբիլիսի»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Վրաստանի օդանավակայանների միավորման գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքը։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ Boeing 737-800 տիպի ինքնաթիռներով։ Վրաստանի օդանավակայանների միավորման տվյալներով՝ Air China-ն հիմնադրվել է 69 տարի առաջ։ Այն համարվում է Չինաստանի ամենամեծ ավիաընկերությունը։ Air China-ն ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի 183 երկիր։

2023 թվականի հուլիսի վերջին Վրաստանը և Չինաստանը հայտարարել էին երկկողմ ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Չինաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու որոշման մասին։ Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի փետրվարին հայտարարեց Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու Չինաստանի իշխանությունների որոշման մասին։ Ապրիլին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների քաղաքացիների համար փոխայցելությունների ժամանակ առանց վիզայի ռեժիմի մասին։