«Erasmus+»-ը Եվրոպական միության կրթական, երիտասարդության և սպորտի ծրագիր է: Այս ծրագրի շրջանակներում երիտասարդները Վրաստանից, այդ թվում՝ Ջավախքից, ժամանակավոր սովորում են եվրոպական բուհերում։ Վերջին հինգ տարիների ընթացքում Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի առնվազն 10 ուսանող օգտվել է եվրոպական համալսարանների փոխանակման ծրագրից:
Erasmus+ ծրագիրը Վրաստանի ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել եվրոպական համալսարաններում և ծանոթանալ եվրոպական կրթական համակարգին։ Ծրագիրը հոգում է ուսանողի կրթության բոլոր ֆինանսական ծախսերը։
Ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական ինտեգրմանը, զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների մասնակցությանը ժողովրդավարական կյանքում:
Վրացական համալսարանները «Erasmus+»-ի երկու ծրագրերի հետ էլ կապված են, դրանք են՝ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը և ուսանողների ու ուսուցիչների փոխանակման ծրագիրը:
Սամցխե-Ջավախքի համալսարանը 2012 թվականից ակտիվորեն մասնակցում է «Erasmus+»-ի երկու ծրագրերին: Համալսարանն իրականացրել է 12 ծրագիր, որից 3-ը շարունակվում են։
«Եվրամիությունն աջակցում է մեզ, մենք գրում ենք նախագծեր, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից, և դա կարող է լինել ինչպես տեխնիկապես, այնպես էլ մարդկային ռեսուրսների զարգացման համար», – ասում է Սամցխե-Ջավախքում Erasmus+ ծրագրի ղեկավար Գուրանդա Մոդեբաձեն:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանից, ըստ «Erasmus+» ծրագրի ղեկավարի, այս ծրագրի շրջանակներում տարեկան առնվազն երկու ուսանող մեկնում է Եվրոպա: Համալսարանը համագործակցում է Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համալսարանների հետ։
Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի կորպուսից ընդամենը մեկ ցանկացող է եղել, ով չի կողմնորոշվել և չի մասնակցել ծրագրին։ Սակայն Թբիլիսիի բուհերում սովորող Ջավախքի բազմաթիվ ուսանողներ օգտվել են այս հնարավորությունից։ Նրանցից մեկն էլ ախալքալաքցի Ռիմա Մառանգոզյանն է։ Erasmus+ ծրագրի շրջանակներում նա 2022 թվականին սովորել է Նորվեգիայում։ Ռիման լրագրող է, նա մագիստրատուրայում սովորել է Հանրային կապերի միջազգային ինստիտուտում՝ GIPA-ում։ Այնտեղից Ռիման փոխանակման ծրագրով, մեկ ամսով, մեկնել է Նորվեգիա՝ սովորել գլոբալ լրագրություն։
«Դու ծանոթանում ես կրթական ծրագրին և հասկանում, թե որքանով է այն տարբերվում Վրաստանից: Դու տեսնելով իրենց ուսուցումը, մտածում ես, թե ինչը կարելի է բերել մեր կրթական համակարգ, որպեսզի օգնել Վրաստանին: Կարեւոր է նաեւ մշակութային փոխանակումը, որը տեղի է ունենում։ Եվրոպայում սովորելը շատ բան է տալիս երիտասարդներին և ընդհանուր զարգացման հարցում, և որպես մարդ: Իմ կարծիքով, Erasmus+ ծրագրով տարեկան 100 մարդ Վրաստանից մեկնում է Եվրոպա»,- ասում է Ռիմա Մառանգոզյանը։
Նորվեգիայում մեկ ամիս կրթությունը շատ բան տվեց Ռիմային։
«Նորվեգիայում սովորելը բարելավեց իմ անգլերենի իմացությունը: Ֆակուլտետը այդքան էլ նույնը չէր, ինչ ես սովորում էի այստեղ, առարկաները տարբեր էին: Սա արտոնություն էր ինձ համար, կապված էր լրագրության հետ, բայց մեթոդաբանությունը տարբեր էր: Մեր ուսուցիչները Եվրոպական տարբեր երկրներից էին, այն երկրներից, որոնց հետ համագործակցում է Նորվեգիայի համալսարանը, և նրանք մեզ սովորեցրեցին միջազգային փորձը, պատմում էին իրենց երկրի մասին, իրենց փորձի մասին»,- ասում է Ռիմա Մառանգոզյանը։
Erasmus+ ծրագիրը դեռ շարունակվում է, սակայն, հաշվի առնելով, որ Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի Եվրոպային ինտեգրման գործընթացը, ինչպես նաև հայտարարել է պետական ծրագրերի ֆինանսական աջակցության դադարեցման մասին, այս ծրագրի ճակատագիրը, որը մեծ հնարավորություններ է տալիս փոքր քաղաքների և գյուղերի երիտասարդներին, անհայտ է։