Մինչ մեծերը բողոքում են այն փաստից, որ երիտասարդ սերունդը սեր չի տածում գրքերի հանդեպ՝ շատ ընթերցասերներ հերքելով այն, թվարկում են գրադարաններում առկա խնդիրների մասին:

Ախալքալաքի շրջանում կենտրոնական գլխավոր գրադարանից բացի, գյուղերում ևս «գործում են» գրադարաններ: Օրջա գյուղի գրադարանից հիմնականում դպրոցահասակներն են օգտվում:

«Ճիշտ է մարդկանց հոսքը գրադարան շատ ակտիվ չէ, ինչպես առաջ էր, բայց չեմ էլ կարող ասել, որ ընդհանրապես չեն գալիս: Գրադարան այցելում են աշակերտները, երբեմն նաև տարեց մարդիկ», – ասում է գրադարանավարուհին՝ հավելելով, որ գրադարանում բազմաթիվ խնդիրներ կան:

Օրջա գյուղի գրադարանում 3000 կտոր գիրք կա, վերջին անգամ գրադարանը նոր գրքերով է համալրվել 2015 թվականին: Թվով 25 կտոր վրացերեն գիրք են ստացել՝ գեղարվեստական և արտասահմանյան գրականություն, բառարաններ, որոնց պահանջարկն ամենաշատն է:

Գրադարանի տարածքը բավականին փոքր է, ընթերցասրահ չկա, որն անհարմարավետություն է առաջացնում, բացակայում է էլեկտրականությունը, պատուհանները փոխելու անհրաժեշտություն կա: Գրադարանավարուհի Երանակ Մանուկյանը նշում է՝ եթե գրադարանը համալրվի նոր գրքերով, որոնք ավելի շատ են հետաքրքրում մարդկանց, ապա ընթերցողների հոսքը դեպի գրադարան կավելանա:

Տաթև Խոցանյանն աշակերտ է, հաճախ է օգտվում գրադարանից:

«Վերջին անգամ վերցրել եմ Հակոբ Մնձուրու «Փշոտ ծաղիկ» ստեղծագործությունը, շատ ուրախացա, որ մեր գրադարանում կար: Եթե հնարավորություն ունենայի գրադարանում ընթերցելու, շատ ավելի լավ կլիներ, քանի որ այնտեղ հանգիստ է, միջավայրը տրամադրող է, մեր գյուղի գրադրանում ընթերցելու հնարավորություն չկա: Եթե ընթերցասրահ ունենայինք, մտածում եմ, որ շատ երիտասարդներ կհետաքրքրվեին գրքերով և կկտրվեին սմարտֆոններից»:

Ըստ Տաթևի կարևոր խնդիր է նաև այն, որ գրադարանը նոր գրքերով չի համալրվում, արդյունքում նոր սերունդը ժամանկակից գրողների ստեղծագործություններից անտեղյակ է մնում:

Լիդա Ալմասյան