Այսօր՝ հուլիսի 22-ին, քաղաքի կենտրոնում՝ Ախալքալաքի Մշակույթի տան հարևանությամբ, տեղի է ունեցել նոր տեխնիկաների ներկայացումը, որոնց մի մասը փոխանցվել է կենտրոնական իշխանությունների կողմից, իսկ մյուս մասը գնվել է մունիցիպալ միջոցներով։
Մունիցիպալիտետի նոր տեխնիկան քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչներին է ներկայացրել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։ Շնորհանդեսին ներկա էին Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ և պարզապես անցորդներ։
Փամբուխչյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ սա կարևոր օր է բոլորի համար և շնորհավորեց մունիցիպալ ևս երեք միավոր տեխնիկա ավելանալու կապակցությամբ։
«Մունիցիպալիտետի տարածքը բարեկարգվում է, գյուղական ճանապարհները մաքրվում են, հարթվում են, այս ամենը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, որպեսզի այս ամենը իրագործվի ժամանակին և ամբողջությամբ, անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան տեխնիկա: Սա քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից իրականացվել է մեծ դժվարությամբ։ Քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից 2023 թվականին ձեռք է բերվել աղբահան մեքենա (կոյուղու մաքրման և ջրահեռացման համար)՝ 86.800 լարիի չափով: Տեղական բյուջեից 210 000 լարի, իսկ 430 600 լարիով ձեռք է բերվել աղբատար մեքենա, որը ձեռք է բերվել Վրաստանի կառավարության միջոցներով, պետական բյուջեից»,- ասաց Փամբուխչյանը։
Նա նաև անվանական շնորհակալություն հայտնեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, գերատեսչությունների աշխատակիցներին, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հարցում, ինչպես նաև՝ խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին։
«Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանն այս կարևոր տեխնիկան մեզ նվիրելու համար: Հարգելինե՛ր, այս ամենն արվում է մեր կյանքը բարելավելու համար: Առիթից օգտվելով՝ խնդրում եմ բոլորիդ հոգ տանել շրջակա միջավայրի, մեր բնության մասին, որպեսզի մենք ունենանք ավելի մաքուր, գեղեցիկ քաղաք և գյուղեր»,- իր խոսքում նշեց Մնացական Փամբուխչյանը։
Այնուհետև հավաքվածները զննել են տեխնիկան։ Սրանով եզրափակվել է շնորհանդեսը: Ախալքալաքի քաղաքապետի խոսքով, տեխնիկան փոխանցվելու է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հաշվեկշռին, այն հնարավոր կլինի վարձակալությամբ տրամադրել նաև այն բնակիչներին, ովքեր դրա կարիքն ունեն անձնական նպատակների համար։
«Տեխնիկան համարվում է մունիցիպալ սեփականություն: Պայմանավորվածությունների համաձայն՝ օգտագործելու համար փոխանցում ենք Սպասարկման կենտրոնին։ Առաջիկա օրերին հատուկ աուդիտ կհրավիրենք, որը կսահմանի մոտավոր ժամավճարը, օրական վարձակալության արժեքը, սակրեբուլոն կհաստատի, և մենք հնարավորություն կունենանք տեխնիկան նաև վարձակալության տալ»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։