Հրազենային վնասվածքներից մահացել է Ռուսաստանում քրեական հեղինակություն, ծագումով Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղից՝ Սարգիս Հակոբյանը:
Տվյալ փաստով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108 –րդ հոդվածի համաձայն (Դիտավորյալ սպանություն) հարուցվել է քրեական գործ: Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը առայժմ այդ փաստի վերաբերյալ մանրամասն տեղեկություն չի տալիս:
Հուլիսի 26-ին, ժամը 12:26 –ին Ախալքալաքի շտապ օգնության ծառայությունը ահազանգ է ստացել սպանության մասին և քիչ անց փրկարար խումբը ժամանել է դեպքի վայր՝ Արագվա գյուղի մոտակայք: Մի մեքենա թռել էր ճանապարհից և ղեկին գտնվող մարդը մահացել էր:
Դեպքը տեղի է ունեցել Արագվա գյուղ տանող ճանապարհին, Խանդոի խաչմերուկում (կամ Օրջաի խաչմերուկ): Սարգիս Հակոբյանի վրա կրակել են այդ տարածքում, ճանապարհի հարևանությամբ գտնվող փոքրիկ անտառային գոտուց: Սարգիսը դուրս էր եկել Խանդոից և շարժվում էր դեպի Արագվայի մայրուղի: Խաչմերուկի մոտ Կալաշնիկով մակնիշի հրազենից կրակել են նրա վրա: Ինչի հետևանքով մեքենան թռել է անտառային գոտու դիմացի տարածք, ճանապարհի մյուս կողմը, իսկ Սարգիս Հակոբյանը տեղում մահացել է:
Ականատեսների խոսքերով Սարգիս Հակոբյանը ունեցել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ, որից 2՝ գլխին:
Առաջինը մահացածին նկատել է բուղաշենցի մի մարդ, ով ճանաչել է նրան և նա էլ զանգահարել է շտապ օգնություն:
Սարգիս Միասնիկի Հակոբյանը ծնվել է 1972 թվականին: Դպրոցը ավարտել է Խանդոյում: Այնուհետև մեկնել է Մոսկվա արտագնա աշխատանքի և մշտական բնակվել այնտեղ: Մոսկվայում Սարգիսը ամուսնացել է մոլդովուհու հետ: Ունի 8 տարեկան որդի: Նրա տարեց ծնողները, չնայած նրան, որ հաճախակի են գնացել Մոսկվա, հիմնականում ապրում են Խանդո գյուղում:
Համագյուղացիների խոսքերով, Սարգիսը ընտանիքի հետ հաճախ է այցելել հայրենի գյուղ: Այս անգամ նա 10 օր առաջ էր եկել:
Խանդո գյուղում բոլորն էլ ջերմությամբ են խոսում նրա մասին: Սարգիսը մշտապես օգնել է համագյուղացիներին:
«Նա ոսկի տղա էր: Գյուղացիներին միշտ օգնում էր: Նա փող ուներ, դրա համար էլ «գլուխը կերան»»,- ասում է տարեց մի կին:
«Սպանողները երևի այստեղ իրենց մարդը ունեին: Նրան զանգել են և նա դուրս է եկել: Եթե այստեղ մարդ չունենային, որտեղից էին նրանք իմանալու, թե երբ կանցնի այդտեղով»,- ասում է մյուս տարեց կինը:
Համագյուղացիների խոսքերով նրա վրա կրակել են երկու տարբեր տեղերից: Անտառային գոտին, որտեղից կրակել են Սարգիս Հակոբյանի վրա այժմ մի քանի տեղերից շրջափակված է:
Ականատեսների խոսքերով դեպքի վայրում հայտնաբերվել է Կալաշնիկով մակնիշի մեկ ավտոմատ: