Լյոլյա Ռաիսյանը 10 տարի է աշխատում է ՀԿ-ներում։ Նա բազմաթիվ և տարբեր ծրագրեր է իրականացրել շրջանի ինչպես կանանց, այնպես էլ երիտասարդների համար, սակայն այն հասարակական կազմակերպությունները, որոնց օգնությամբ իրականացվել են այդ նախագծերը, ընկնում են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի տակ, և բացառված չէ, որ դրանք փակվեն։ Լյոլյան ասում է, որ իրեն ավելի մտահոգում է ոչ թե ՀԿ-ների աշխատողների ճակատագիրը, այլ ծրագրերի շահառուներինը, այսինքն՝ շարքային բնակիչների։
Իր կարիերայի ընթացքում Լյոլյան իրականացրել է ավելի քան 10 ծրագիր և մասնակցել Ախալքալաքի մունիցիպալիտետի զարգացմանն ուղղված 100-ից ավելի ծրագրերի իրականացմանը։ Այդ շարքում կարելի է առանձնացնել «Կանանց տնտեսական զարգացման ծրագիրը», որն իրականացվել է Ախալքալաքում 2019-2023 թվականներին։ Ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի և Ավստրիական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 28 ծրագիր՝ շուրջ 40 000 լարիի չափով։
Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած կանայք կարողացել են բացել իրենց սեփական բիզնեսը, սկսել են գումար վաստակել, օգնել իրենց ընտանիքներին և իրականացրել են իրենց վաղեմի երազանքները:
Օրինակ․ Կարտիկամից Գյուլնարա Էլիզբարյան-Չիվչյանի կյանքը կտրուկ փոխվեց ծրագրին նրա մասնակցությունից հետո։ Նա հավատաց իր ուժերին և սկսեց իր սեփական բիզնեսը՝ արտել։ Նա նույնիսկ դադարեց անընդհատ օգտագործել դեղամիջոցները, որոնք ընդունում էր նախկինում և նրա առողջական վիճակը բարելավվեց:
Կամ Էլմիրա Գինոյանը (Օհանջանյան), ով ծրագրի շրջանակներում ժեստերի լեզուն սովորելու համար կրթաթոշակ է ստացել, մտածում է խմբակ բացել և աշխատել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։
Սիրուշ Բալասանյանը Վաչիան գյուղից է՝ մասնագիտությամբ հրուշակագործ: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերել տարբեր պարագաներ, որոնք օգնել են զարգացնել իր բիզնեսը։ Նա բոլորին հորդորում է առանց վարանելու կամ վախենալու մասնակցել նման ծրագրերի»։
«Հուսով եմ, որ այն դրական փոփոխությունները, որոնք ՀԿ-ները բերել են մարդկանց, դեռ երկար տարիներ կշարունակեն աշխատել: Հարցն այստեղ ՀԿ-ների աշխատողների մասին չէ: Երբ ես մտածում եմ այդ մասին, ես հասկանում եմ, որ ես կարող եմ աշխատել ցանկացած վայրում, ամեն դեպքում, ես իմ տեղը կգտնեմ։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր եղել են տարբեր ծրագրերի շահառուներ, օգտվել են այդ ծրագրերի առավելություններից։ Ես չեմ ուզում, որ այս մարդիկ կորցնեն հույսը և մնան ոչնչով»,- մեկնաբանում է նա։
Այն ծրագրերի շահառուները, որոնց մասնակցում էր Լյոլյան, այնպիսի կանայք էին, ովքեր չէին պատկերացնում, որ կարող են այլ բանով զբաղվել, բացի մաքրությունից, ճաշ պատրաստելուց և գյուղական աշխատանքից։
«Ես իմ սեփական օրինակով կարող եմ ասել, որ այսքան տարիների ընթացքում ես հանդիպել եմ այնքան մարդկանց, որոնց կյանքում իրական փոփոխություններ եմ բերել: Ես գիտեմ, որ եթե ես այս մարդուն «տնից դուրս չհանեի», նա երբեք դուրս չէր գա», – կիսվում է Լյոլյան:
Լյոլյան իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված երիտասարդներին, ինչպես նաև Ախալքալաքի բնակչությանը հուզող տարբեր հրատապ խնդիրների ջատագովության ծրագրեր:
«Դեռահասները գալիս են, դեռ ոչինչ չգիտեն, չեն կարող անել, մենք 2-3 տարվա ընթացքում նրանց դաստիարակում ենք, տարբեր տեղեր տանում, նրանք շատ հետաքրքիր բաներ են տեսնում։ Եթե մենք չլինեինք, ո՞վ պիտի աներ այս ամենը։ Պետությունը ռեսուրս չունի այս ամենն իրականացնելու համար»։
Աշխատանքային տարիների ընթացքում Լյոլյայի մոտ ձևավորված մարդկային ռեսուրսի շնորհիվ նրան հաճախ են դիմում աշխատողներ փնտրող գործատուները, և նա հանգիստ խղճով խորհուրդ է տալիս իր պատրաստած կադրերին։
«Մոտ 40 մարդ աշխատանք է ստացել՝ ամենատարբեր աշխատանք, այդ թվում՝ իմ առաջարկությունների շնորհիվ»։
Այս պահին Լյոլյան ունի իր «Առա՛ջ դեպի նոր հնարավորություններ» ՀԿ-ն, ինչպես նաև աշխատում է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում և Մեծահասակների կրթության կենտրոնում: Լյոլյայի կողմից իրականացվող ընթացիկ նախագծերն են՝ «Կանանց սեռական և վերարտադրողական առողջություն», «Կանանց աշխատանքային իրավունքներ», «Մեդիագրագիտություն»։