Քանի որ մանկապարտեզներում արձակուրդներ են, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը որոշեց երեխաներին կերակրելու համար նախատեսված մթերքները բաժանել նրանց:
Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանի ողջ տարածքում արձակուրդները հետաձգվել են մինչև ապրիլի 21-ը: Այդ իսկ պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը պատրաստում է 9 տեսակի սննդամթերք, որպեսզի յուրաքանչյուր երեխայի բաժանի իր ամսական չափաբաժինը:
Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, սկզբում նրանք մտադիր էին մթերքները բաժանել 14 օրվա համար, բայց հետո որոշել են տրամադրել մեկ ամսվա սննդամթերքը: Սննդամթերք կստանա 853 երեխա:
«Մենք ճշտել ենք քանակը, ընդհանրապես, մեզ մոտ կա գրանցված 1000 երեխա, բայց մենք այլընտրանքային մանկապարտեզների երեխաներին մթերքներ չենք տրամադրի, քանի որ այդ մանկապարտեզներում սնունդ նախատեսված չէ: Կպատրաստենք սննդամթերքներով տոպրակները և կտեղեկացնենք ծնողներին, որպեսզի նրանք գան ստանան », – ասաց Անահիտ Ասատուրյանը:
Սննդամթերք կստանան հետևյալ մանկապարտեզների սաները՝ Ախալքալաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները, Վաչիան, Բարալեթ, Ազավրեթ, Դիլիսկա, Կուլիկամ և Կարծախ գյուղերի մանկապարտեզները:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա երեք այլընտրանքային մանկապարտեզ՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում:
Ըստ Անահիտ Ասատուրյանի, եթե ուրբաթ օրը ստանան բոլոր մթերքները, ապա կտեղեկացնեն բոլոր ծնողներին, որպեսզի նրանք գան և վերցնեն իրենց երեխաներին հասանելիք սննդամթերքը: