Ախալքալաքում այսօր սկսեց գործել «ԱրՄաթ» ինժեներական-ծրագրավորման լաբորատորիա: Այն բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցության արդյունքում:
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում պատանիները կարող են սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն և ժամանակակից ինժեներիա: Այն նախատեսված է 10֊18 տարեկան դպրոցականների համար: Լաբորատորիայի բարերարն է ծնունդով Դամալա գյուղից Ավետիս Բալոյանը:
Բացման արարողությանը ներկա էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը: Ախալքալաքում դասընթացները վարելու է Մարգարիտա Ջավարջյանը:
«ՋԱՀ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշեց, որ ծրագրի նպատակն է տաղանդավոր երեխաներին պահել Ախալքալաքում։
««Արմաթ»-ում երեխան հնարավորություն ունի դպրոցին զուգահեռ ստանալ մասնագիտական կրթություն: Մեր նպատակն է, որ երեխաները դպրոցն ավարտելուց հետո արտագնա աշխատանքի չմեկնեն, այլ այստեղ մնալով փորձեն գումար աշխատել», – ասում է Աշոտ Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ կա ռազմավարական ծրագիր, որը իր մեջ ներառում է մինչև 2020 թվականը Ջավախքում բացել 20 «Արմաթ» լաբորատորիա և ԹՈՒՄՈ կենտրոն:
Երեխաների շրջանում հետաքրքրությունը մեծ է: Այսօր, բացման օրը արդեն կա գրանցված 10֊17 տարեկան մինչև 100 երեխա՝ Ախալքալաքից և գյուղերից:
Արթուր Մոսոյան