Ախալքալաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի բոլոր փողոցների և գյուղական ճանապարհների փոսերը կնորոգվեն։ Քաղաքապետարանից հաղորդում են, որ բոլոր փոսերը ֆիքսվել և ներառվել են պատվերի մեջ, բայց եթե մոտակայքում փոսային նորոգում է իրականացվում, իսկ ինչ-որ տեղ մնացել են անձեռնամխելի փոսեր, բնակիչները կարող են դիմում ներկայացնել՝ այդ փոսերը նույնպես վերանորոգելու համար։

Քաղաքի փոսերը նորոգում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 350 հազար լարիով:

«Հերթով կվերանորոգվեն քաղաքի փողոցների բոլոր փոսերը՝ սկսած քաղաքի վերնամասից։ Այնուհետև այն կվերանորոգենք շուկայի մոտ։ Այսինքն՝ ինչքան փոս կա, կվերանորոգենք։ Այս փոսերը ֆիկքսել ենք ու ներառել ենք պատվերի մեջ, նրանք անում են։ Ամբողջ քաղաքի փոսերի վերանորոգումը ժամանակ կպահանջի, ամենայն հավանականությամբ աշխատանքները կտևեն մինչև նոյեմբեր։ Իհարկե, նկատի կունենանք, եթե ինչ-որ փոս բաց է թողնվել, և բնակիչները դիմեն մեզ»,- ասում է Արա Մովսիսյանը:

Jnews - 1

Ախալքալաքի և գյուղերի ճանապարհների բարեկարգման մրցույթը, որը ներառում է փոսային վերանորոգման աշխատանքները, կայացել է երրորդ փորձից։ Այն հայտարարվել է 2024 թվականի մայիսի 29-ին։ Առաջին անգամ Ախալքալաք քաղաքի և գյուղերի ճանապարհների վերանորոգման համար մրցույթը հայտարարվել էր ապրիլի 4-ին՝ 350 հազար լարիի չափով, հայտերն ընդունվել էին ապրիլի 20-ից 29-ը։ Այն հայտարարված էր գնացուցակով, որտեղ նշված էին կատարված աշխատանքների միավորի դիմաց գները։ Երկրորդ անգամ մրցույթը հայտարարվել էր մայիսի 13-ին։ Առաջարկներն ընդունվել էին մայիսի 21-ից 24-ը, բայց այն դադարեցվել է նախահաշվային փաստաթղթերի անճշտությունների պատճառով, ինչպես գրված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։