«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ կապված Եվրամիությունը հայտարարեց Վրաստանում տարբեր ծրագրերի ֆինանսավորման դադարեցման մասին։ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվում է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի անվճար գրանցման ծրագիրը, ուստի Jnews-ը որոշեց ճշտել, թե արդյոք դա կազդի հողերի անվճար գրանցման ծրագրի իրականացման վրա, քանի որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցման գործընթացը դեռ չի ավարտվել։
Հողերի անվճար գրանցման գործընթացը շարունակվում է, Jnews-ին հայտնեցին Վրաստանի հանրային ռեգիստրի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, չպատասխանելով ծրագրի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան, թե ոչ հարցին։ Հողամասերի գրանցման ծրագրի որոշ բաղադրիչներ իրականացվել են Եվրամիության միջոցներով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի և տների անվճար գրանցումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիսկա գյուղից։ Դրանից հետո մունիցիպալիտետում գործընթացը մեկ տարի չէր վերսկսվում։
2024 թվականի ձմռանը Հանրային ռեգիստրի աշխատակիցները, տեղերում տվյալները ճշտելու համար, աշխատանքը վերսկսեցին։ Պետական ռեգիստրի աշխատակիցներն այս պահին աշխատում են մունիցիպալիտետի գյուղերում, նրանք աշխատում են խմբերով։
Հանրային ռեգիստրի աշխատակիցների խումբն Ախալքալաքում և գյուղերում պարզաբանում, նույնականացնում և չափագրում է բնակիչների հողակտորները: Որպես հիմք ընդունված տվյալները հավաքագրվել են հին սարքերի միջոցով, 2000-ականների սկզբին, ուստի այսօր աշխատողները հաճախ բախվում են անճշտությունների հետ, ավելի կոնկրետ՝ որոշ տարածքներ համընկնում են մեկ այլ տարածքի հետ: Նշենք, որ հին սերնդի GPS սարքերը համեմատած նորագույն սարքերի հետ այնքան էլ ճշգրիտ չէին աշխատում: Այժմ նոր գծագրերը և չափումները կատարվում են նորագույն ճշգրիտ GPS սարքերով։
Հանրային ռեգիստրի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեռ 2024 թվականի ձմռանը, Jnews-ին հայտնել էին, որ գրանցման ժամանակ նոր չափագրումներ են կատարվում, և այս ամբողջ աշխատանքն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։