Համավարակի տարում Ջավախքում հավաքված կարտոֆիլի բերքը սպառողին հասնելու և կարտոֆիլագործին շահույթ բերելու փոխարեն, հայտնվեց աղբանոցում: Կառավարությունը պնդում է, որ շուկայական տնտեսության պայմաններում ֆերմերն ինքը պետք է սպառման շուկա գտնի իր գյուղմթերքի համար: Ֆերմերները կարծում են, որ նրանց անհրաժեշտ է կառավարության օգնությունը, հատկապես ճգնաժամային պայմաններում: Jnews-ը հետևեց է այն ճանապարհը, որն անցավ Ախալքալաքի կարտոֆիլը՝ հողից մինչև աղբավայր:
Համավարակը կարտոֆիլի դաշտում
2020-ի գարնանից սկսած աշխարհի մարդկանց մեծ մասի համար սկսվեցին ծանր ժամանակներ: Բացառություն չէին նաև Ջավախքի հողագործները: Կարտոֆիլի իրացման հարցը միշտ էլ խնդհահարույց է եղել տեղի կարտոֆիլագործների համար, սակայն այն հատկապես ծանր էր 2020-2021 թվականներին: 2021 թվականի մայիսի սկզբին գոնե չնչին առաջխաղացում եղավ, հայտնվեցին որոշ գնորդներ: Բայց նրանք շատ քիչ էին: Շատերը տոննաներով կարտոֆիլ էին նետում աղբանոց: Դե իսկ նրանք էլ, ում ի վերջո բախտ էր վիճակվում գտնել գնորդ, կիլոգրամը վաճառում էին 5, առավելագույնը 20 թեթրիով: Եկամուտ ստանալու մասին նույնիսկ խոսք չի կարող լինել, իսկ աճեցման ծախսերը նույնիսկ մասամբ չեն ծածկվել:
Շատ ֆերմերներ անհանգստանում են նաև շրջակա միջավայրի պահպանմամբ, չիմանալով ուր նետել իրենց կարտոֆիլը, բայց այլընտրանք չգտնելով այն նետում էին «կարտոֆիլի աղբանոց», որն այս տարի գոյացել է գրեթե յուրաքանչյուր գյուղում:
2020 թ.-ին Ախալքալաքում կարտոֆիլի բերքը գրեթե 28% -ով ավելին էր, քան 2019-ին:
Կարտոֆիլի բերքատվությունը Ախալքալաքի մունիցիպալիտետում 2015-2020թ.թ.-ին
Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությանն առընթեր Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի տվյալները
Դա կարելի է բացատրել բերքատու տարով և կարտոֆիլի ցանքատարածքների ավելացմամբ: Հայտնվելով Սեփական երկրում փակված, Ջավախքի աշխատունակ տղամարդիկ չկարողանալով մեկնել արտագնա աշխատանքի, սկսեցին հող մշակել (Ըստ Jnews- ի 2018 թ.-ի ուսումնասիրության, մունիցիպալիտետի ընտանիքների շուրջ 63% -ը գոյատևում է արտերկրում վաստակած միջոցներով): Արդյունքում մշակվել է 26% -ով ավելի կարտոֆիլի հողատարածք, քան 2019 թ.-ին:
Կարտոֆիլի ցանքատարածքները Ախալքալաքի մունիցիպալիտետում 2015-2020թ.թ.-ին
Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի տվյալները
Ցանքատարածություննրի շատացման միտումը դիտարկվում է ամբողջ երկրում: Վրացական վերլուծաբանների խումբը EastFruit պարզել է, որ սերմացու կարտոֆիլի ներմուծումը 2020 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 214% -ով: Սերմացու կարտոֆիլի ներմուծման այս կտրուկ աճը հաստատում է, որ ֆերմերները զգալիորեն ավելի շատ սերմացու են ցանել, քան 2019 թվականին: Սակայն ընթացիկ սեզոնում սերմացու կարտոֆիլի ներմուծումը դեռ զգալիորեն ցածր է:
Սակայն, ասել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում ցանքատարածությունները կտրուկ նվազել են, սխալ կլինի: Չնայած շրջանում կարտոֆիլի մշակված հողատարածքների վերաբերյալ տվյալներ դեռ չկան, սակայն միտումը ցույց է տալիս, որ մշակվող տարածքները չնչին չափով, բայց կարող են նվազել: Խոշոր ֆերմերները հիմնականում չեն քչացնում իրենց ցանքատարածքները, իսկ ավելի փոքրամասշտաբ ֆերմերները, որոնք ավելացրել էին ցանքատարածությունները ընտանիքի անդամների արտագնա աշխատանքի չմեկնելու պատճառով, որպեսզի դեն չնետեն ամբողջ բերքը, կրկին այն ցանում են: Հիմնականում փոքրամասշտաբ հողագործներն են կրճատել իրենց դաշտերը, ովքեր մեկնել են խոպան, ու այստեղ մնացած իրենց կանանց քիչ տանջելու համար ցանել են նույն քանակությունը, որքան մինչ համավարակը, այնքան որ ընտանիքին բավարարարի և հերիքի մթերափոխանակման համար:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2019-ին երկրում ցանվել է 194 700 տոննա կարտոֆիլ, որից 115 400 տոննան՝ Սամցխե-Ջավախքում: 2020 թվականին հավաքվել է 215 700 տոննա կարտոֆիլ: Տեղեկատվությունն այն մասին, թե այստեղից որքանն է ցանվել Սամցխե- Ջավախքում, ըստ նախարարության պատասխանի, հասանելի կլինի հունիսի 15-ին: Այնուամենայնիվ, ելնելով այն բանից, որ Ջավախքում ցանքատարածությունները կտրուկ աճել են, և բերքատվությունը մեծ է եղել, ապա տարածաշրջանի մասնաբաժինը կարտոֆիլի ընդհանուր արտադրության մեջ, հավանաբար, ավելի շատ կլինի:
Ախալքալաքում կարտոֆիլի արտադրության վերաբերյալ տեղեկատվությունը Գյուղատնտեսության նախարարությանը փոխանցվում է Գյուղի զարգացման և գյուղատնտեսության գործակալությանն առընթեր Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի կողմից: Իր հերթին, Կենտրոնում կարտոֆիլի դաշտերի ցանքատարածքների և բերքատվության մասին տեղեկատվությունը ստանում են գյուղերի լիազորներից: Կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն չի կարող ասել, թե որքանով են ճիշտ այս տվյալները:
Ախալքալաքում կարտոֆիլը իրացնելու խնդրի մասին սկսեցին խոսել գարնան սկզբին: Որոշ գյուղերի բնակիչներ բողոքով և օգնության խնդրանքով դիմել էին քաղաքապետարան: Մի շարք հանդիպումներ էին նախաձեռնվել նաև տեղական իշխանությունների և ֆերմերների մասնակցությամբ: Արդյունքում նամակներ էին գրվել Գյուղատնտեսության նախարարությանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետարան՝ օգնության խնդրանքով: Տեղացի շատ ֆերմերներ իրացման խնդրի լուծման միակ ելքը տեսնում են սահմանների փակումը՝ կարտոֆիլի ներմուծման համար: Կորխ գյուղից Իշխան Հակոբյանը դրանցից մեկն է:
«Ամեն ինչ թանկացել է, և՛ սնունդը, և՛ վառելիքը: Ինչպես ապրենք, եթե այս պահին մարդիկ աշխատանք չունեն, փող էլ չկա: Թող Վրաստանը կարտոֆիլ չներմուծի այլ երկրներից, որպեսզի տեղացիները կարողանան վաճառել իրենց գյուղմթերքը », – ասում է նա:
Կարտոֆիլի արտահանումը և ներմուծումը
2019 թվականին Վրաստանը արտահանել է 3935,9 տոննա կարտոֆիլ: Հիմնական արտահանվող երկիրը Ադրբեջանն է, այնտեղ արտահանվել է բերքի ավելի քան 80% -ը (3212,4 տոննա): Դրան հետևում են Թուրքմենստանը (320 տոննա), Ուկրաինան (227,1 տոննա), Ռուսաստանը (57,3 տոննա) …
2020 թվականին Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է, և կազմել 4252,6 տոննա, սակայն Ադրբեջանի բաժինը կտրուկ նվազել է, կազմելով ընդամենը 50%՝ 2130,5 տոննա: Արտահանումներն աճել են դեպի Ռուսաստան և Բելառուս: Արտահանող երկրների ցուցակին 2020 թվականին ավելացել են Հայաստանն ու Ղազախստանը:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները մինչև 2020 թվականը Քվեմո Քարթլիի տեղական վերավաճառողներն էին, ովքեր առանց իրացման համար որևէ փաստաթուղթ պահանջելու կարտոֆիլ էին արտահանում Ադրբեջան: Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման և համավարակի ժամանակ՝ 2020 թ.-ին, նրանք Ջավախքում չէին, իսկ այլ երկրներ կարտոֆիլ արտահանելու փորձերը չստացվեցին: 2021 թվականի գարնանը Ղազախստանցի արտահանողները Ախալքալաքում կարտոֆիլ գնեցին խոշոր ֆերմերներից: Սակայն, փաստաթղթերի ձևակերպումը խնդիր առաջացրեց (համակարգից անտեղյակ լինելու պատճառով փաստաթղթերի կարգավորման գործընթացը տևեց մեկ շաբաթ), ու այդ պատճառով նրանք այլևս չվերադարձան գյուղմթերքի գնման համար:
Կարտոֆիլի ներմուծումը Վրաստան 2019 թվականին կազմել է 12 601,1 տոննա: 2019-ին ամենաշատը ներմուծվել է Թուրքիայից՝ 3128,4 տոննա, որին հաջորդում են Ադրբեջանը (արտահանվածից 2821,7 տոննա պակաս), Իրանը (1900,3 տոննա), Ռուսաստանը (1136,8 տոննա), Բելառուսը (464,0 տոննա), Գերմանիան (334,0 տոննա):
2020 թվականին, չնայած համավարակի պատճառով երկրում ցանած կարտոֆիլի քանակի աճին և պահանջարկի նվազմանը, Վրաստանն ավելացրել էր կարտոֆիլի ներմուծումը 43% -ով (17 980,6 տոննա): Ներմուծման ցուցանիշը եռապատկվել է Թուրքիայից (8909.5 տոննա): Ադրբեջանից ներմուծումը (2466,6 տոննա) գերազանցում է այս տարվա արտահանմանը: Անցյալ տարվա համեմատ՝ երկու անգամ ավելի կարտոֆիլ է ներկրվել Ռուսաստանից և Գերմանիայից:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019 թվականին Վրաստանում սերմացու կարտոֆիլի սպառումը կազմել է 30 000 տոննա, իսկ ուտելու կարտոֆիլիը՝ 173 000 տոննա: 2019-ին մեկ անձը սպառել է միջինը 47 կգ կարտոֆիլ, օրական 128 գրամ: Կարտոֆիլը հացից հետո ամենաշատ սպառվող մթերքն է: Դրանով են հիմնականում սնվում ցածր եկամուտներ ունեցող բնակիչները: 2020 թվականի տվյալները դեռ չեն մշակվել «Սաքստատ»- ի կողմից:
Եթե դիտարկենք 2019 թվականի երկրում արտահանման, ներմուծման և սպառման հարաբերակցությունը, ապա ստացվում է, որ սպառված կարտոֆիլի միայն 6% -ն է ներկրվում, իսկ մնացած մասն արտադրվում է երկրում: Եվ արտադրված կարտոֆիլի միայն 2% -ն է արտահանվում երկրից:
Ով է մեղավոր իրացման խնդրում
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ կարտոֆիլի իրացման հետ կապված խնդրի մեջ մեղավոր է թե կառավարությունը, թե իրենք՝ ֆերմերները:
«Վրաստանում կա Մրցակցային գործակալություն, որը պետք է վերահսկի դեմպինգային համաձայնագրերը: Ապրանքները, որոնք պետության կողմից սուբսիդավորվում են, չեն կարող արտահանվել այլ երկիր: Անհրաժեշտ է վերլուծել: Մենք ավելի շատ բերք ունեինք, քան Թուրքիայում, բայց այնուամենայնիվ Թուրքիան կարտոֆիլը ներմուծում է ցածր գնով, միգուցե այնտեղ պետությունն է սուբսիդավորում: Կա միջազգային պայմանագիր, բայց դրան չեն հետևում, դրա մասին պետք է մտածել: Այստեղ արդեն առաջանում է մեկ այլ հարց, քանի որ նրանք այդ մասին գիտեն, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում, նշանակում է, որ ինչ-որ մեկը որևէ շահ ունի կարտոֆիլը ներկրելուց », – ասում է Մախարե Մացուկատովը:
Նա նշում է, որ իրենց մեղքի բաժինն ունեն նաև ֆերմերները, որոնք շուկա են մտնում առանց իմանալու կամ չհետևելով շուկայական կանոններին:
«Շուկան պահանջում է որակի, քանակի, պաշարների և գնի կառավարում: Այս երեք ցուցանիշներով պետք է «խաղալ» շուկայում: Ֆերմերները պետք է ուշադրություն դարձնեն իրենց վաճառած կարտոֆիլի որակին», – ասում է Մախարե Մացուկատովը:
Մախարե Մացուկատովն իրացման խնդրի լուծումներից մեկը տեսնում է պահեստների կազմակերպման մեջ, որոնք պիտի կառավարեն տեղական կոոպերատիվները կամ ասոցիացիաները: Եվ քանի որ տեղացիները բավարար միջոցներ չունեն այդպիսի պահեստների համար, նա առաջարկում է որպեսզի պետությունը կառուցի և այն օգտագործման համար փոխանցի կոոպերատիվին: Պահեստն էլ, իր հերթին, պետք է կառավարի քանակը և նյութատեխնիկական ապահովումը, իսկ պահեստում կլիմայի վերահսկողությունը կօգնի ապրանքը երկար ժամանակ լավ վիճակում պահել:
Տնտեսագետ և գյուղատնտեսության փորձագետ Սալոմե Գելաշվիլին ասում է, որ պետությունը չի կարող արգելել ներմուծումը:
«Եթե ներմուծումն աճում է, դա նշանակում է, որ այն կամ ավելի էժան է, կամ ավելի որակյալ: Պահանջարկը գալիս է սպառողից: Եթե ներմուծումն արգելվի, ապա տեղական կարտոֆիլը կթանկանա: Սպառողը ստիպված կլինի վճարել բարձր գին, ինչը վատ է սպառողի համար: Իսկ վաճառողը ցանկանում է իրացնել բարձր գնով: Այստեղ նրանց շահերը չեն համընկնում: Պետությունը չի ուզում անցնել որևէ մեկի կողմը: Այս հարցը կարգավորում է ազատ շուկան», – ասում է Սալոմե Գելաշվիլին:
Կարտոֆիլի ներքին սպառման վրա ազդել է նաև COVID-19- ի դեմ պայքարում սահմանափակումների հետ կապված իրավիճակը: Ռեստորաններում, հյուրանոցներում, մանկապարտեզներում սպառումը կտրուկ նվազել է: Բնականաբար, կարտոֆիլի պահանջարկը նվազել է: Համավարակից առաջ խոշոր ֆերմերները մատակարարում էին բիզնես կազմակերպություններին, իսկ փոքր արտադրողները իրենց բերքը վաճառում էին գյուղատնտեսական շուկաներում: Համավարակի ընթացքում խոշոր ֆերմերները սկսեցին կարտոֆիլը վաճառել սովորական շուկաներում, նեղելով շարքային ֆերմերներին, և վերջիններս դուրս մնացին խաղից: Այստեղ էական դեր է խաղում այն փաստը, որ խոշոր ֆերմերները կարող էին իրենց թույլ տալ ցածր գներով վաճառել, և իրենց արտադրանքի որակը բարձր էր, քան սովորական ֆերմերներինը:
Բուսասանիտարական վկայագիրը, առանց որի անհնար է արտերկիր վաճառահանել արտադրանքը, տալիս է Սննդի ազգային գործակալությունը: Արտահանողը պետք է գրանցված իրավաբանական անձ լինի, և պարտադիր է, որ տնտեսական գործունեության մեջ նշվի «մրգերի և բանջարեղենի առևտուր»: Արտահանողը պետք է դիմում ներկայացնի Գործակալությանը, կատարի վճարովի ստուգում, կազմի գնման արձանագրություն և հաշիվ-ապրանքագիր:
Տնտեսագետ և գյուղատնտեսության փորձագետ Սալոմե Գելաշվիլին ասում է, որ պետությունը չպետք է օգնի որևէ մեկին արտահանել իր արտադրանքը: Կան տարբեր ծրագրեր, որտեղից ֆերմերները կարող են պարզել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
«Կան նաև առցանց հարթակներ, որոնք պետք է օգտագործել վաճառելու համար: Պարզապես պետք է արդեն կարողանալ օգտվել ինտերնետից, նորագույն տեխնոլոգիաներից և իմանալ անգլերեն: Այս դեպքում ֆերմերներին պետք է աջակցեն ֆերմերների ասոցիացիաները: Գոյություն ունի Վրաստանի ֆերմերների ասոցիացիան, որը պետք է խնդիրը փոխանցի պետությանը: Ասոցիացիաները պետք է տեղեկատվության աղբյուր հանդիսանան ֆերմերների համար: Կոոպերատիվները նույնպես կարող են օգնել: Դժբախտաբար, մեկ ֆերմերը ոչինչ չի կարող անել»:
Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն կարծում է, որ կարտոֆիլի իրացման գործընթացում պետությունը սխալներ թույլ չի տվել:
«Իրացումն այնպիսի բան է, որը սահմանում է շուկան: Մեր լավագույն հնարավորությունն է փակել սահմանները և թույլ չտալ, որ արտադրանքը մտնի Վրաստան, սակայն դա դեմ է միջազգային չափանիշներին: Մենք համագործակցում ենք տարբեր առևտրային կազմակերպությունների հետ, սահմանները փակելու իրավունք չունենք: Ճիշտ է, մենք գիտենք ելքը, բայց իրավունք չունենք: Մենք ամեն ինչ անում ենք բարձրորակ կարտոֆիլ ներմուծելու համար և ամեն ինչ կարգավորված է: Մենք ուղիներ ենք փնտրում, համագործակցելով խոշոր առևտրային կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք գնեն տեղական արտադրության ապրանքներ»:
Չնայած պետության և ֆերմերների «ջանքերին», Ախալքալաքի կարտոֆիլը հայտնվեց աղբանոցում: Տեղական ֆերմերի համար իրացման խնդիրը մշտապես առկա է, բայց համավարակային 2020 թվականն էլ ավելի սրեց իրավիճակը: Շուկայական տնտեսության պայմաններում պետությունը չի կարող արգելել ներմուծումը կամ փակել սահմանները: Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, պետությունը բավականաչափ չի մտածում տեղական արտադրանքի մրցունակության մասին: Խնդիրը համակարգային է, այն սուր է ինչպես արտադրվող մթերքի որակի, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման և քանակի ու գների վերահսկելիության հարցում: Ախալքալաքի ֆերմերներից շատերը դեռ չեն մտածում այն մասին, թե ինչն է պետք փոխել առավել արդյունավետ հողագործության համար: Փոքր ֆերմերները «խնդիրը թողել են» աղբանոցում և մեկնել խոպան, իսկ խոշոր ֆերմերները հույս ունեն, որ հաջորդ գյուղատնտեսական տարին շատ ավելի արդյունավետ կլինի: