Մի քանի օր շարունակ Ախալքալաքի գյուղերի մի քանի մանր ֆերմերներ հրաժարվում էին, 1,4 լարի՝ իջեցված գնով, կաթը հանձնել տեղական կաթնամթերք արտադրողներին։ Սակայն, ի վերջո, նրանք ստիպված համաձայնեցին։
Ջավախքի պանիր արտադրողները մայիսի սկզբից իջեցրել են կաթի գնման գինը՝ 1,80 լարիից դարձնելով 1,40 լարի։ Որոշ դեպքերում գնում են 1,60 լարիով։
Կաթի գնորդները, հիմնականում, Նինոծմինդայի կաթնամթերք արտադրողներն են։ Կաթը գնում են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների գյուղերից, պատրաստում են պանիր և այն վաճառում Թբիլիսիում, Քութայիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։
Մուրջախեթ գյուղը մայիսի 2-ից հրաժարվել էր կաթն արտադրողներին էժան գնով հանձնել, սակայն 3 օր բողոքից հետո՝ մայիսի 5-ին, համաձայնվել են կաթը վաճառել 1,40 լարիով։
«Ես 3 կով ունեմ, իմ կովերը օրական մոտ 30 լիտր կաթ են տալիս, եթե էժան գնով հանձնեմ, ապա ես օրական 12 լարի կկորցնեմ, դա ինձ ձեռնտու չէ»,- ասում է Մուրջախեթի բնակիչ Ենոք Բաբաջանյանը։
Գորելովկա գյուղից Քրիստինե Իսպիրյանը 1 լիտրը դեռ վաճառում է 1,60 թեթրիով: Բայց արդեն լսել է, որ պատրաստվում են իջեցնել 1,40 լարի։ Ասում է, եթե այսպես շարունակվի, ապա աշնանը նա իր անասունը կվաճառի։ Նա ունի 11 կաթնատու կով։
«Ես 3 տարի է չեմ կարողանում վարկս մարել, համավարակի ժամանակ ենք վերցրել՝ խոտ ու տեխնիկա գնելու համար: Մերժումը իմաստ չունի, կաթն ու պանիրը պահելու համապատասխան պայմաններ չունեմ: Որտեղ վաճառեմ պանիրս, գնորդներ չունեմ, շուկա չկա, որտեղ վաճառեմ, ստիպված հանձնում ենք: Բոլոր կաթ հավաքողները հավաքվեցին ու որոշեցին գինն իջեցնել»,- ասում է Քրիստինե Իսպիրյանը։
Նինոծմինդացի պանրագործ Արկադի Զալալյանն ասում է, որ գնման արժեքը իջեցրել են, քանի որ շուկայում պանրի գինը իջել է: Արկադի Զալալյանը կաթը գնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, Խոսպիո գյուղերից: Նա օրական 3 տոննա կաթ է վերամշակում։
« Հնարավոր է կաթի գինը էլի իջնի, պանիրը չի վաճառվում, շուկայում լճացում է: Շատ է արտադրվել, և քիչ է վաճառվել: Պանրի գնի կտրուկ աճ էինք ակնկալում, շատ արտադրեցինք: Ես հասկանում եմ, որ մարդիկ դժգոհ են, ես էլ եմ դժգոհ, որ պանիրը ստիպված եմ էժան վաճառել»,- ասում է Արկադի Զալալյանը։
Նա չի դադարեցրել արտադրությունը և հույս ունի, որ գինը կբարձրանա։
«Ումից գնում եմ, ոչ ոք չի հրաժարվել էժան գնով վաճառել, նրանք դժգոհ էին, բայց չհրաժարվեցին: Թեև, եթե հրաժարվեին էլ, դա իրենց իրավունքն է, բայց եթե ես նկատեմ, որ պանրի արտադրությունն անիմաստ է, ես կդադարեցնեմ արտադրությունը»,- ասում է Արկադի Զալալյանը։
«Ալպիուրի Ջավախեթի» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Դարբինյանը մայիսի 1-ից կաթը գնում է 1,40 լարիով։ Նրա կաթ մատակարարողները Ուջմանա, Թորիա, Հեշտիա գյուղերի ֆերմերներն են։
«Հեշտիա և Ուջմանա գյուղերը շարունակում են հանձնել 1,40 լարիով, Թորիա գյուղն այդ գնով չի հանձնում, ես էլ չեմ կարող ավելին վճարել: Մինչև մայիսի 10-ը Թորիայի գյուղացիները պետք է մտածեն և ասեն իրենց որոշման մասին»,- ասում է Սամվել Դարբինյանը։
Ըստ ֆերմերների, շուկայում պանրի գնի էժանացումը կապված է այն բանի հետ, որ շուկայում կաթի փոշուց պատրաստված մեծ քանակությամբ պանիր է հայտնվել։ Թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Jnews-ին չհաջողվեց ճշտել։
Թբիլիսիի սուպերմարկետներում պանիրն արժեր 19 լարիից մինչև 25 լարի, իսկ այժմ գինը իջել է մինչև 15-13 լարի։