Հունիսի 4-ից արդեն ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ըստ որի՝ բոլոր հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները (որոնց բյուջեի 20%-ից ավելին ֆինանսավորում է օտարերկրյա կազմակերպությունը) պետք է գրանցվեն «օտար ուժերի շահերը հետապնդող» կազմակերպությունների ռեեստրում։ Եթե կազմակերպությունը այսպես կոչված «Գործակալ» չգրանցվի, ապա պետությունը նրան նախ կտուգանի 25 000 լարիով, հետո կգրանցի «Գործակալների ռեեստրում»։ Ախալքալաքում գործող ոչ կառավարական կազմակերպությունների համար ի՞նչ է նշանակում 25 000 լարիի տուգանքի չափը, Jnews-ը խոսել է երկու կազմակերպության տնօրենի հետ։
Ախալքալաքի «Մեծահասակների կրթական կենտրոն»-ի տնօրեն Շորենա Թեթվաձեն ասում է՝ տուգանվելու դեպքում նրանք չունեն այդ գումարը վճարելու համար։
«Նախ մենք այդ գումարը չունենք, որ տուգանքը մուծենք, թեկուզև այդ գումարը ունենանք դա ֆինանսական կորուստ է կազմակերպության համար։ Մենք կողքից եկամուտ չունենք, մեր ունեցած գումարը դա թրեյնինգների գումարն է, հնարավոր է ինչ-որ հոնորար լինի, բայց ում ձեռքից կարող ենք առնել հոնորարը։ Եթե չգրանցվենք, ուրեմն պետք է տուգանք մուծենք, բայց որտեղից։ Եթե ունենանք այդ 25 000 լարին, ապա հազար բան կարող ենք անել», – ասում է նա։
Շորենան հավելում է, որ եթե իրենց կազմակերպությունն ունենա 25 000 լարի, ապա տարբեր դասընթացներ, մշակութային միջոցառումներ կֆինանսավորի։
«Ախալքալաքի բիզնես կենտրոնի» տնօրեն Մախարե Մացուկատովը նշում է, այս պահի դրությամբ ինքը չի պատրաստվում գրանցվել, քանի որ այս օրենքը սխալ է ձևակերպված։ Նա ասում է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում մտածել է, հիմա էլ մտածում է, որ ինքը միշտ մունիցիպալիտետի և երկրի համար կատարել է միայն լավ գործ, որպեսզի տարածաշրջանը լինի ինտեգրված և զարգացած։ Եվ եթե նրան ստիպեն գրանցվել որպես գործակալ, դա շատ վիրավորական է։
««Ախալքալաքի բիզնես կենտրոնն» իր ողջ գործունեության ընթացքում այդքան գումար, դրամաշնորհ միանգամից չի ունեցել։ Մենք ինչպես տարածաշրջանային կազմակերպություն միշտ ունեցել ենք շատ քիչ դրամաշնորհներ։ Եվ վերջին 10 տարվա ընթացքում ընդհանրապես չենք ունեցել ֆինանսավորում։ Ըստ այդմ՝ ավելի լավ է կազմակերպությունը լուծարել, քան դառնալ գործակալ կամ վճարել այն գումարը։ Մենք աշխատել ենք ինչպես նախագծով, այնպես էլ առանց նախագծերի, առանց ֆինանսավորման, մտածելով տարածաշրջանի զարգացման մասին», – ասում է Մախարե Մացուկատովը։
«Ախալքալաքի բիզնես կենտրոն»-ը համագործակցել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, օգնելով ռազմավարական փաստաթղթեր ստեղծել։
«Եթե նրանք մեր կատարած աշխատանքը համարում են գործակալի աշխատանք, այդ դեպքում այն ռազմավարական փաստաթղթերը, որոնք մենք օգնել ենք իրենց գրել, այդ ամբողջը կարող են վերացնել, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ գործակալներն են այդ ամենն իրենց գլխին բարդել։ Ուղակի նրանք չգիտեն, թե ի՞նչ են անում, սա ընտրություններից առաջ օպիում է ժողովրդի համար»,- ավելացնում է Մախարեն։
Վերջինս հավելում է, եթե իր կազմակերպությունն ունենար 25 000 լարի, ապա Ախալքալաքում երիտասարդների և բիզնեսում սկսնակների համար կանցկացներ տեղեկատվական, ուսուցողական հանդիպումներ: Կտեղեկացներ, թե ինչպես պետք է մասնակցեն տարբեր նախագծերի՝ ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական։ Ինչպես նաև կսովորեցներ բնակիչներին՝ ինչպես ճիշտ գրել նախագիծ, բիզնես պլան և այլն։
Ընդգծենք, որ օրենքը միայն 25 000 լարի տուգանքով չի սահմանափակվում, դրանից հետո կազմակերպությունից պահանջվում է վերբեռնել ֆինանսական հայտարարագիրը։ Եթե կազմակերպությունը խախտի այս պահանջը, ապա կտուգանվի ևս 10 000 լարիով։
Պետությունը հաջորդ ամիս նորից կստուգի կազմակերպությանը և, եթե նորից հայտնաբերի իր «անհնազանդությունը», ապա կտուգանի 20 հազար լարիով։ Այդպիսով, պետությունը յուրաքանչյուր նոր ամիս կարող է տուգանել կազմակերպությանը 20 հազար լարիով։
Գոյություն ունի ևս 5000 լարի տուգանք։ Սա բոլոր այն ֆիզիկական անձանց համար է, ումից «Օտարերկրյա գործակալի» մասին կամ այլ տեղեկություն պահանջեն, իսկ նա չտրամադրի։
Կարող եք նաև կարդալ՝