«Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – գրում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (EEAS) X սոցիալական ցանցում և հրապարակում Վրաստանի անվտանգության ոլորտում որոշ նախագծեր, որոնց վրա հարյուր միլիոնավոր եվրոներ են ծախսվել:
«Եվրամիությունը նպաստում է Վրաստանի անվտանգությանը: ԵՄ դիտորդական առաքելությունն աջակցում է Վրաստանի ընդհանուր անվտանգությանը 2008 թվականից: Գլխամասային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, իսկ շրջանային գրասենյակները՝ Գորիում, Մցխեթայում և Զուգդիդիում։ Այստեղ աշխատում են մոտ 200 քաղաքացիական դիտորդներ ԵՄ անդամ երկրներից։
2008-2024 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 345 միլիոն եվրո, իսկ 2023-2024 թվականներինը՝ 47 միլիոն եվրո։ Առաքելության նպատակն է կանխել ռազմական գործողությունների վերսկսումը և նպաստել երկարաժամկետ կայունությանը, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմանների երկայնքով ապրող բնակչության անվտանգ և նորմալ կյանքի վերադարձին և վստահություն ստեղծել հակամարտության կողմերի միջև»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, 2021-2023 թվականներին վրացական պաշտպանական ուժերի հզորացման շրջանակներում 62 միլիոն եվրո է ծախսվել երկու լիովին հագեցած շարժական բժշկական կետերի, Գորիի զինվորական հոսպիտալում բժշկական սարքավորումների, 42 բեռնատարների, 96 անհատական և 17 խմբակային ինժեներական հավաքածուների, կիբերանվտանգության դասընթացների և զորավարժությունների վրա:
Ընդգծվում է նաև, որ 2024 թվականի ֆինանսավորումը դադարեցվել է։