Եվրախորհրդարանը նոր զեկույց է հրապարակել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում է 2020-2022 թթ.-ը:
Զեկույցում նշվում է, որ «2020 թվականից ի վեր Վրաստանը լրջորեն հետ է մնացել Ասոցացման համաձայնագրով ստանձնած հիմնական ժողովրդավարական սկզբունքներից և քաղաքական պարտավորություններից»։
«Կտրուկ բևեռացման պայմաններում ժողովրդավարական ինստիտուտները կորցնում են իրենց էությունը, իսկ իշխող կոալիցիան մեծացնում է իր իշխանությունը և սահմանափակում այլախոհության համար տարածքը։
Օրենքի գերակայությունը զգալիորեն վատթարացել է, ինչի մասին վկայում են ընդդիմադիր առաջնորդների աղմկահարույց ձերբակալությունները, 2019 թվականի հունիսին և 2021 թվականի հուլիսին տեղի ունեցած բռնի միջադեպերի անարդյունավետ հետաքննությունը և Պետական տեսուչի ծառայությունը լուծարելու մասին որոշումը։
2020 թվականից դատական համակարգում փոփոխությունները խոչընդոտում են Ասոցացման համաձայնագրի իրականացմանը. Մասնավորապես, դատավորների շուտափույթ և ոչ թափանցիկ նշանակումները, գլխավոր դատախազի նշանակման բարեփոխման մերժումը և «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխությունները։ Չնայած Վրաստանը շարունակում է առաջատարը մնալ տարածաշրջանային կոռուպցիայի դեմ պայքարում,սակայն հակակոռուպցիոն բարեփոխումները վերջին տարիներին դանդաղել են, և բարձր մակարդակի արդյունավետ հետաքննությունն ու կոռուպցիայի դեմ քրեական հետապնդումը շարունակում են մնալ հիմնական մարտահրավերները»:
Զեկույցում նշվում է, որ Վրաստանը կատարում է առանց վիզայի ռեժիմի հիմնական պահանջները և արդյունավետորեն համագործակցում է ԵՄ-ի կառույցների և անդամ երկրների հետ՝ հանցավորության դեմ պայքարում։
Փաստաթղթում բարձր է գնահատվում համագործակցությունը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, սակայն նշվում է, որ «Վրաստանը՝ 2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, հրաժարվել է միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին»։
ԶԼՄ-ների միջավայրի մեկնաբանության մեջ նշվում է, որ երկրում լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է։
«Վրաստանում լրագրողների աշխատանքային միջավայրը բարդացել է քաղաքական միջամտությունների և լրագրողների վրա ֆիզիկական ու բանավոր հարձակումների պատճառով»։
Փաստաթղթում ասվում է նաև, որ վերջին տարիներին զգալի քայլեր են ձեռնարկվել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում, թեև սեռական փոքրամասնությունների իրավունքները և նրանց նկատմամբ խտրականությունը շարունակում են մնալ լուրջ խնդիր։
«2020-2021 թվականներին գենդերային հավասարության առումով իրավիճակը բարելավվել է սպասարկման ոլորտում, կարևոր քայլեր են ձեռնարկվել կանանց նկատմամբ բռնության դեմ: Կարևոր քայլեր են ձեռնարկվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Սեռական փոքրամասնությունների իրավունքները և նրանց նկատմամբ խտրականությունը մնում են լուրջ խնդիր»,- ասվում է զեկույցում։