Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալիտետի Մեծ Խանչալի, Կաթնատու և Օրոջոլար գյուղերը խմելու ջրով ապահովելու համար ջրամատակարարման համակարգ է կառուցվում: Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նինոծմինդայի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ մինչև տարեվերջ քաղաքի բոլոր փողոցներում շուրջօրյա խմելու ջուր կլինի։

Խմելու ջրի խնդիրը Նինոծմինդա քաղաքում տասնյակ տարիների պատմություն ունի: Դեռ 90-ականներից քաղաքի որոշ փողոցներում ու թաղամասերում խմելու ջուրը  գրաֆիկով է՝ 4-5 օրը մեկ կամ օրական 2-3 ժամով են տալիս։

Նինոծմինդայի քաղաքապետի խոսքով, շուրջօրյա խմելու ջուրը հատկապես քաղաքի բանկչության առաջնային խնդիրներից ամենակարևորն է, որն այս տարի լուծում կստանա։

«Մինչև տարեվերջ Նինոծմինդա քաղաքի բոլոր բնակիչները մշտական խմելու ջուր կունենան։ Օրինակ՝ Երևանյան փողոցում, Ճոճաշեն թաղամասում 4-5 օրը մեկ են տալիս ջուրը, այն էլ մի քանի ժամով։ Խնդիրը ավելի է սրվում հատկապես ամռան տապին և ձմռան սառնամանիքներին։  Նախատեսվում է՝ այս տարի քաղաքն ամբողջությամբ ապահովել  ջրով, իսկ մյուս տարի՝ գյուղերը», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Ծրագրի շրջանակներում կառուցվում են նոր և վերականգնվում գործող հիմնական ենթակառուցվածքները։ Նինոծմինդա քաղաքում կանցկացվի գլխավոր խողովակը, քլորատորները և երկու ջրամբար։ Կաթնատու, Մեծ Խանչալի, Օրոջոլար գյուղերի և Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ցանցի համար կկառուցվեն անհրաժեշտ այլ ենթակառուցվածքները:

«Նախագծի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 40 մլն լարի, որի ավարտին Նինոծմինդա քաղաքում և 3 գյուղերում շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվի 7400 շահառու։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի ավարտը»,- այս մասին տեղեկացնում Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Միացյալ ջրամատակարարման ընկերությունը։

Նինոծմինդայի քաղաքապետը նշում է՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված մունիցիպալիտետի որոշ գյուղերում թաղամասեր կան, որ ջուր չունեն։ Սակայն տեղական բյուջեի միջոցներով և «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացված գումարներով որոշ գյուղերում հին ջրատար խողովակներն են փոխում, իսկ որոշներում էլ՝ նոր ջրագիծ են կառուցում։

«Խմելու ջրի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Փորձում ենք հնարավորության սահմաններում լուծում տալ այդ խնդրին։ Միանգամից չենք կարող անել, տարեց տարի փոխում ենք հին ջրագծերը, հարկ եղած դեպքում կառուցում նաև նորերը», –  ասում է Անիվարդ Մոսոյանը։

Լուսանկարը՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ֆեյսբուքյան էջից