Բարձրագույն կրթության տեղական և արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերն ընդլայնում են հնարավորությունները Ջավախքի երիտասարդների համար: Դրանցից մեկը Հայ կրթական հիմնադրամի (AEF) արտասահմանյան կրթաթոշակային ծրագիրն է: Գոհար Ասլանյանը Թբիլիսիի բժշկական համալսարանի ուսանողուհի է Ախալքալաքից, ով 4 տարի շարունակ կրթաթոշակ է ստանում այս հիմնադրամից։
Հայ կրթական հիմնադրամը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում՝ հայ ուսանողներին և կրթական հաստատություններին աջակցելու նպատակով:
Գոհար Ասլանյանը 2017 թվականին ավարտել է Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցը և ընդունվել ԹՊԲՀ՝ ընդհանուր բժշկություն մասնագիտությամբ։ Հիմնադրամի մասին նա իմացել է համակուրսեցիներից ու ծանոթներից և անմիջապես որոշել է դիմել։
«Երբ իմացա, սկսեցի տեղեկություններ հավաքել այս կազմակերպության մասին, հիմնադրամը զբաղվում է հայ ուսանողների կրթության ֆինանսավորմամբ, ծրագրի համակարգողին հարցրի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, հավաքեցի և ուղարկեցի դիմումս, որից հետո ինձ կանչեցին հարցազրույցի, և որոշ ժամանակ անց դրական արդյունք ստացա»,- պատմում է նա։
2021 թվականից մինչ օրս Գոհարն ուսման վարձին համարժեք կրթաթոշակ է ստացել ՀԿՀ-ից։ Սակայն կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների.
Կրթաթոշակ ստանալը շարունակելու համար ուսանողը յուրաքանչյուր կիսամյակից հետո պետք է Հիմնադրամին տրամադրի տեղեկատվություն իր գնահատականների, ինչպես նաև կատարված կամավոր աշխատանքի մասին (120 ժամ), և եթե նա համապատասխանի իրենց չափանիշներին, ապա կշարունակի ստանալ կրթաթոշակը:
Որպես կամավորական գործունեություն ՀԿՀ-ի անդամները հաճախ են մեկնում մունիցիպալիտետի գյուղեր, որպեսզի փոքր երեխաներին դպրոցական պարագաներ բաժանեն:
Գոհարն ասում է, որ կրթաթոշակի բացակայությունը որոշակի ֆինանսական դժվարություններ կառաջացներ։
«Եթե ես չստանայի կրթաթոշակ, այնուամենայնիվ, կշարունակեի ուսումս: Բայց համավարակի պատճառով ես կբախվեի որոշակի դժվարությունների՝ ֆինանսական»,- ասում է նա։
Բացի ֆինանսական բաղադրիչից, կրթաթոշակը Գոհարին դրդեց պահպանել GPI-ի պահանջվող մակարդակը և էլ ավելի ջանալ իր ուսման մեջ:
«Քանի որ լավ գնահատականները չափանիշներից մեկն էին, ես էլ ավելի մոտիվացված էի լավ սովորելու: Բացի այդ, ծրագրին մասնակցելու շնորհիվ ձեռք բերեցի նոր ծանոթություններ և ընկերներ տարբեր ոլորտներից»,- կիսվում է նա։
Նրա խոսքով, տարեցտարի ծրագիրն ավելի հայտնի է դառնում, մասնակիցների թիվն ավելանում է։
Օտարերկրյա ֆինանսավորում ստացող ուսանողները չեն համարվում օտարերկրյա շահերը հետապնդող՝ համաձայն «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքի: Սակայն նման դրամաշնորհները նույնպես օտարերկրյա ֆինանսավորում են, առանց որի որոշ ուսանողներ կարող է չկարողանային շարունակել ուսումը: Եվ նաև նման արտաքին ֆինանսավորման դերը հսկայական է ինչպես Ջավախքի նման փոքր շրջանի, այնպես էլ ամբողջ Վրաստանի զարգացման գործում: