Հուլիսի 8-ի կեսօրին քամին պոկել և գետնին է տապալել Աղմաշենեբելի 1-ին նրբանցքի 1-ին շենքի տանիքից երկու թիթեղ։ Ամեն անգամ, երբ քամի է լինում, գլուխ է բարձրացնում հին տանիքների խնդիրը։ Քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ այս շենքի տանիքն այս տարի կվերանորոգվի։
Եթե Ազատություն փողոցի բազմահարկ շենքերը վերանորոգվել են պետական ծրագրով, ապա քաղաքի մյուս՝ սակավաթիվ բազմահարկ շենքերը դեռ սպասում են իրենց հերթին։ Աղմաշենեբելի փողոցի թիվ 32 բազմահարկ շենքի տանիքը վերջերս էր վերանորոգվել: Մունիցիպալ իշխանություններն ամեն տարի որոշակի գումար են հատկացնում քաղաքի և նախկին զինվորական ավանի հին, խարխուլ տանիքները փոխարինելու համար, սակայն այս խնդրի վերջը չի երևում։
Այս տարի, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի, Աղմաշենեբելիի բարձրահարկ շենքերի տարածքում վերականգնվում են 3 շենքերի տանիքներ։ Թիվ 32 բազմահարկ շենքի տանիքն արդեն վերանորոգված է։ Եվս երկու տանիք կա փոխելու, 1-ին շենքը 1-ին նրբանցքում, 2-րդ շենքը 2-րդ նրբանցքում։ Այս տարածքի բնակելի շենքերից մեկի՝ թիվ 14 շենքի տանիքը վերանորոգվել է անցյալ տարի։
«Մենք պետք է ամեն ինչ փոխենք, մենք նման մտադրություն ունենք: Այս տարի 3-ը կփոխենք, և դրա համար նախատեսված է 400.000-ից 600.000 լարի։ Ամեն տարի փուլ առ փուլ կփոխենք։ Այս տարի կվերանորոգվեն Աղմաշենեբելի առաջին նրբ. 1 շենքի, Աղմաշենեբելի 32 շենքի և Աղմաշենեբելի երկրորդ նրբ․ երկրորդ շենքի տանիքները»,- ասում է նա։
Բազմահարկ շենքերի բնակիչների խոսքով, առաջին նրբանցքի 3-րդ շենքի տանիքը նույնպես անմխիթար վիճակում է և վերականգնման կարիք ունի։