ISET ոչ կառավարական կազմակերպության մշակված տվյալների համաձայն, Եվրամիությունում ամսական կենսաթոշակը 13 անգամ ավելի բարձր է (մոտ 4000 լարի), քան Վրաստանում։
ISET-ը վրացերենով և հայերենով հրապարակել է Վրաստանի և Եվրոպայի կենսաթոշակների չափերը։ Այն կարելի է տեսնել ISET-ի էջում։
Վրաստանում կենսաթոշակը վերջին անգամ բարձրացել է 2024 թվականի հունվարին: վրաստանի մինչեւ 70 տարեկան թոշակառուները, ովքեր օգտվում են բարձրալեռ շրջանի (Ջավախք) բնակչի համար նախատեսված արտոնությունից, ստանում են 378 լարի, իսկ 70 տարեկանից բարձրները՝ 498 լարի։ Թոշակառուները, ովքեր չեն օգտվում բարձրալեռ շրջանի բնակչի արտոնությունից՝ ստանում են 415 լարի։
Վրաստանում կանանց համար կենսաթոշակային տարիքը 60 տարի է, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարի: Եվրոպայում կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է:
Վրաստանում թոշակառուն հազիվ է ծայրը ծայրին հասցնում, թոշակը հազիվ բավարարում է սննդի, դեղորայքի, կոմունալ ծառայությունների համար, իսկ մնացածի մասին մտածելը նույնիսկ անհնար է, եթե այլ ֆինանսական աջակցություն չլինի։
Եվրոպայում, իհարկե, ոչ բոլոր երկրներում է այդպես, բայց օրինակ Ֆինլանդիայում միջին թոշակը 1200-1500 եվրո է, թոշակառուները գնում են դելիկատեսներ, հաճախում ֆիթնես կենտրոններ, հանգստանում արտասահմանում։ Նրանցից ոմանք տներ են գնում Իսպանիայում կամ Պորտուգալիայում, որպեսզի գնան այնտեղ հանգստանալու:
Բացի 350 եվրո նվազագույն կենսաթոշակից, պետությունը գերմանացիներին վճարում է բնակության (56 քմ մեկ անձի համար) և կոմունալ ծառայությունների համար։ Մնացած միջոցներով միջին թոշակառուն կարող է մեքենա պահել, տարին երկու անգամ մեկնել արտերկիր և վճարել առողջության ապահովագրության համար։ Ամենաքիչ ապահովված ծերերի համար կան «թոշակային տներ»՝ ցածր վարձավճարով, էժան սրճարաններով և 24-ժամյա բուժօգնությամբ։
Իսպանիայում թոշակառուների հիմնական աջակցությունը նրանց հարազատներն են, այդ թվում՝ ամենահեռավորներն էլ, եթե այլ մերձավորներ չկան։ Նրանց պետական կենսաթոշակի չափը կազմում է ամսական 700-900 եվրո։ Միաժամանակ նրանց տրամադրվում են տրանսպորտային արտոնություններ, սննդի ցածր գներ։