Հունիսի 1-ին Վրաստանը բացում է իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 15-ին, կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Եվ այսպես, հունիսի 1-ից օտարերկրյա այցելուները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք նախկինում ժամանում էին միայն օդային ճանապարհով, այժմ կկարողանան մուտք գործել երկիր նաև ցամաքային ճանապարհով:

Պատվաստված այցելուն սահմանին պետք է ներկայացնի ամբողջական պատվաստումը հաստատող փաստաթուղթ, այսպես կոչված, Covid անձնագիր:

Փաստաթղթին զուգահեռ՝ այցելուն պետք է ունենա վերջին 72 ժամվա ընթացքում PCR-ի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ:

Երբ այցելուն սահմանին ներկայացնի այս երկու փաստաթղթերը, նա այլևս կարիք չի ունենա կատարելու որևէ այլ պայման ՝ ո՛չ կարանտին, ո՛չ էլ ինքնամեկուսացում:

Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել.

Անուն
Ազգանուն
Անձնագրի համար
Հեռախոսահամար
Էլ. հասցե
Քաղաքացիություն
Բնակության երկիր
Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):

Գրանցվելուց հետո անձը կստանա ծածկագիր, որը պետք է ներկայացվի սահմանին:

Այս ծածկագրից բացի, չպատվաստված այցելուն պետք է ունենա բացասական PCR արդյունք վերջին 72 ժամվա ընթացքում: Այս պատասխանով նրան թույլատրվում է մուտք գործել երկիր, չնայած որ այս այցելուից պահանջվում է երկրում վերաթեստավորվել առաջիկա 72 ժամվա ընթացքում: Նա այս թեստը հանձնում է իր հաշվին և պետք է ինքը պարզի, թե որտեղ է այն հանձնելու:

Երկիր մուտք գործելուց հետո, մինչև կրկնակի թեստավորում անցնելու ժամանակահատվածում, այցելուն ազատորեն կարող է շարժվել երկրով մեկ, նրանից չի պահանջվում պահպանել ո՛չ կարանտին, ո՛չ էլ ինքնամեկուսացում: