Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտարարել է անշահախնդիր արյան հանձնման շաբաթ:

«Արյան արհեստական փոխարինիչներ չկան: Արյան արտադրանք ստանալու եղանակներից մեկն արյուն հանձնելն է: Մեկ անշահախնդիր դոնորը մեկ նվիրատվությամբ կարող է փրկել երեք կյանք», – սա է քարոզարշավի կարգախոսը:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը շեշտում է, որ ցանկացած պահի ցանկացած մարդ կարող է արյան կարիք ունենալ՝ սեփական կյանքը պահպանելու համար:

Քարոզարշավի կազմակերպիչները նշում են, որ COVID-19 համավարակը հանգեցրել է արյան մատակարարումների 20-30% կրճատման ամբողջ աշխարհում:

Վրաստանը, ինչպես և շատ այլ երկրներ, կանգնած է մարտահրավերի առջև, այնուամենայնիվ, չնայած COVID-19 համավարակին, չնայած սահմանափակ շարժունակությանը և այլ խնդիրներին, անշահախնդիր արյան դոնորները շարունակում են արյուն հանձնել այն հիվանդների համար, որոնց համար արյան փոխներարկումը կենսական նշանակություն ունի:

Դոնոր կարող է դառնալ 18-60 տարեկան ցանկացած առողջ մարդ: Արյուն չեն կարող հանձնել նրանք, որոնց մոտ ախտորոշվել են վարակիչ հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սիֆիլիս, վիրուսային հեպատիտներ, բրուցելոզ, մակաբուծային հիվանդություններ և արյան հիվանդություններ:

Վրաստանում տարեկան մոտ 20 հազար մարդ արյան փոխներարկման կարիք ունի: Ընդ որում, տարեկան գրանցվում է մոտ հարյուր հազար արյան հանձնում:

2011 թ.-ից երկրում իրականացվում է «Ապահով արյուն» պետական ծրագիրը: Մինչ օրս ամբողջ երկրում այս ծրագրին մասնակցում են 13 արյան բանկեր:

Այս արյան բանկերից մեկը գտնվում է Թբիլիսիում` Օ. Ղուդուշաուրիի ազգային բժշկական կենտրոնում, Լյուբլյանա փող. 11/Բոխուա փող. 12 հասցեներում, հեռախոս 251 52 39: