Մունիցիպալիտետի Չամդուրա գյուղի արհեստական աղբանոցում հիմնականում կարտոֆիլ է։ Աղբանոցը կվերացվի թե ոչ, դեռ հայտնի չէ, քննարկումներ են ընթանում։
Վարակի աղբյուր, գարշահոտ, տգեղ տեսարան և տարբեր միջատների առկայություն, – այսպես են նկարագրում գյուղի այդ հատվածում ապրող բնակիչները։
Ըստ 2022 թվականի մարդահամարի Չամդուրայում ապրում է 560 մարդ, գյուղում ներկա դրությամբ տեղադրված է 11 աղբաման։ Ըստ գյուղացիների աղբամանների քանակը բավարար է, բայց չի խանգարի, եթե 3-4 հատ ավելացնեն։
«Գյուղում աղբամանների հարցը լուծված է։ Ուղակի խնդիրը կայանում է նրանում, որ ուշ-ուշ են մաքրում, 4 օրը մեկ կամ մի քիչ ավելի ուշ են մաքրում։ Իհարկե, այդ ընթացքում լինում են դեպքեր, որ աղբը թափվում է աղբամանից դուրս»,– ասում է Չամդուրայի բնակիչ Արմեն Փիլոսյանը։
Միևնույն ժամանակ, Չամդուրայի բնակիչները շեշտում է, աղբամաններ տեղադրելուց հետո գյուղը մաքուր է դարձել։ Ժողովուրդն արդեն սովորել է, որ աղբը աղբամանի մեջ է պետք թափել։
Jnews-ը ևս Չամդուրա այցի ժամանակ արձանագրեց, որ գյուղում թափթփված աղբ չկա, իսկ աղբամանները դատարկ էին է։ Մեր հաշվարկով գյուղում տեղադրված է 11 աղբաման, 10 տեղադրված էր գյուղի կենտրոնական փողոցի երկյանքով մեկ, տեղ-տեղ տեղադրված են մեկական, տեղ-տեղ էլ երկուական աղբաման, և ևս մեկ աղբաման գյուղի գերեզմանատան մոտ։
«Իհարկե, լավ կլինի որ մի քիչ շուտ-շուտ գան մաքրելու և ավելացնեն աղբամանների քանակը։ Օրինակ՝ ես 200 մետր գնում եմ, որ աղբը թափեմ»,– ասում է գյուղի բնակիչ Վոլոդյա Կարապետյանը։
Չամդուրայի բնակիչները խոստովանում են՝ չնայած այն հանգամանքին, որ Սպասարկման կենտրենի աշխատակիցները զգուշացրել են, որ աղբամանների մեջ կարտոֆիլ չլցնեն, միևնույն է իրենք լցնում են։
Հատկանշական է, որ Չամդուրայում բնակելի տներից մոտ 300 մետր հեռավորության վրա, Մուրջախեթ տանող ճանապարհին, հատուկ կարտոֆիլի համար արհեստական աղբանոց են ստեղծել։ Այդ աղբանոցում, ինչպես Չամդուրայի բնակիչներն են նշում, ոչ միայն իրենք, այլև՝ Մուրջախեթ գյուղի բնակիչներն են կարտոֆիլ թափում։
Jnews-ի այն հարցին, որ եթե մունիցիպալիտետը վերացնի գյուղի վերջնամասում գտնվող աղբանոցը, արդյո՞ք դա կլինի հիմք, որ գյուղացիները այլևս այդտեղ կարտոֆիլ չթափեն, գյուղացիները ասացին․
«Եթե այլընտրանք ստեղծեն, իհարկե չենք լցնի։ Եթե այս աղբանոցը փակեն ու միաժամանակ լուժեն կարտոֆիլի իրացման խնդիրը, ապա միանշանակ այստեղ աղբ չի լինի»։
Արսեն Փիլոսյանի տունը արհեստական աղբանոցից ընդամենը 300-400 մետր է հեռու։ Շոգ եղանակներին, երբ կարտոֆիլը սկսում է նեխել, Արսենեց տան պատուհանները մի քանի ամսով չեն բացվում։
«Ովքեր ներքևում են ապրում, իհարկե, նրանց այդքան էլ հետաքրքիր չէ աղբանոցի հարցը։ Տարբեր տեսակի միջատներ, մժեղներ կան, փչացած կարտոֆիլի հոտ։ Ամառվա ընթացքում մենք չենք կարողանում պատուհան բացել, վարակի աղբյուր է։ Ամբողջ գյուղն այստեղ է լցնում կարտոֆիլը, ես էլ եմ լցնում։ Ահավոր հոտ է գալիս, համաճարակ կարող է բռնկվել, դրա համար ամեն տարի ասում եմ, կռվում եմ, բայց՝ անիմաստ։ Հասկանում եք մեր փողոցը թունավորվում է», – ասում է Արսենը։
Այս տարի Չամդուրայում յուրաքանչյուր տուն մոտ 15-ից 20 տոննա կարտոֆիլ է թափել աղբանոց, չնայած կամ բնակիչներ, որոնք իրենց պահեստի դիմաց են թափել։
Գյուղում նշում են, որ վերջին երկու տարում աղբանոցն ընդլայնվել է, քանի որ երկու տարի է գյուղացիները չեն կարողանում կարտոֆիլի բերքն իրացնել։
Արհեստական աղբանոցում քիչ, սակայն նկատելի է նաև տնտեսական աղբ։ Գյուղացիների խոսքով, նախկինում տնտեսական աղբը ևս այստեղ էին թափում, բայց հիմա աղբամաններ են տեղադրված և կենցաղային աղբի հարցը լուծված է։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը ասում է՝ մի քանի օրից մունիցիպալիտետը նոր աղբամաններ կստանա, որոնցից մի քանիսը կտեղադրեն Չամդուրա գյուղում։
«Գյուղում 10-11 աղբաման տեղադրած է, մի երկու օրից կստանամ նոր աղբամաններ և էլի կավելացնեմ, թե քանի հատ, այս պահին չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է աղբամանները մաքրելուն, ապա Չամդուրայում, ինչպես մյուս գյուղերում ամեն երկրորդ օրը աղբամանները դատարկում ենք», – ասաց նա։
Ինչ վերաբերվում է արհեստական աղբանոցին Ռստակյանը ասաց․
«Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ պետք է անենք։ Մի բան կմտածենք, ինչպես Խնադոյի դեպքում, այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում է, հուսանք վերջնական որոշումը շուտով կլինի»։
Չիրացված և աղբանոցում հայտնված կարտոֆիլի համար մասնագետներն ասում են, ճիշտ տարբերակն է փորել ու թաղել, որը տարիների ընթացքում կվերածվի հումուսի և բնակիչները հետագայում կարող են այն օգտագործել, որպես բնական ազոտ։ Սակայն փորելու և թաղելու համար բնակիչներից պահանջվում է ոչ միայն աշխատուժ, այլև ֆինանսական միջոցներ, որը գյուղացին չունի, քանի որ բերքը չի վաճառել։
Կարդացեք նաև՝