Ախալքալաքում աղբահանության խնդիրը միշտ արդիական է։ Գյուղի բնակիչները չգիտեն, թե որտեղ լցնեն աղբը և այն թափում են անտառներում կամ գյուղի ծայրամասերում՝ ստեղծելով արհեստական աղբավայրեր։ Այդպիսի գյուղերի շարքին է պատկանում նաև Խանդոն։
Խանդո գյուղի ծայրամասում գյուղացիները մեծ փոս են փորել և գյուղի ամբողջ աղբը լցնում են այդտեղ։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Արմեն Բիչախչյանն ասում է, որ այս տարի աղբահանման աշխատանքներ չեն կատարվել Խանդո գյուղում։
«Խանդոյի այդ աղբավայրն ընդհանրապես չի մաքրվել, այս տարի էլ այլևս գումար չկա մաքրելու համար», – ասում է Արմեն Բիչախչյանը։
Խանդոյի աղբավայրը արդեն 5-6 տարի է գոյություն ունի։ Գյուղի մասնագետը ասում է, որ նրանք ամեն անգամ հող են լցնում աղբը ծածկելու համար։
«Աղբահանման աշխատանքներ չի իրականացվել։ Ամեն մարդ, որ իր աղբը տեղափոխի քաղաք, դա մի քիչ անհավանական է և ծիծաղելի, ամեն մարդ տեխնիկա չունի, որ կարողանա տանել: Մենք ուզում էինք աղբամաններ տեղադրել, սակայն տեղափոխման հետ խնդիրներ կան, մի քանի անգամ հարցը բարձրացրել ենք, դիմել ենք, աղբարկղներ կան, այդտեղ խնդիր չկա, խնդիրը տեղափոխման մեջ է։ Հիմա մենք մեր ուժերով ենք կազմակերպում: Գյուղից դուրս բնակվող խանդոցիները օգնում են գումարով, տեխնիկան ամիսը երկու անգամ շրջում է տներով և աղբը հավաքում տանում լցնում է այդ փոսը», – պատմում է Խանդո գյուղի մասնագետ Աշոտ Սահարյանը։
Աղբով լցված փոսը ցանկապատելու առաջարկություն է եղել, որ գոնե թղթերն ու պոլիեթիլենային տոպրակները քամին չտարածի, սակայն դեռ քայլեր չեն ձեռնարկվել։
JNEWS-ի աշխատակիցները աղբանոցի մոտակայքում անօթևան շներ նկատեցին։ Գյուղի մասնագետը վստահեցնում է, որ մարդկանց վնասելու դեպք չի եղել, և համոզված է, որ չի էլ լինելու։
«Մարդկանց վնասելու դեպք այդ տարածքում չի եղել, թափառող շների վերաբերյալ տեղյակ պահել ենք համապատասխան մարմիններին, սակայն ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել», – ասում է Աշոտ Սահարյանը։
Ինչպես նա է նշում, նրանք միշտ գյուղի խնդիրների մասին բարձրաձայնում են տեղական ինքակառավարման մարմիններում, բայց պետք է հաշվի առնել տեղական բյուջեն ու հնարավորությունները։
Գյուղի տարբեր անկյուններում նույնպես նկատելի են փոքր աղբավայրեր, ինչպես գյուղացիներն են նշում՝ դրանք պարբերաբար հողով են ծածկում, որպեսզի անտեսանելի լինի։
Գայանե Ակոջյան