Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանը» հայտարարել է, որ չի ստորագրի արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների Միասնության հռչակագիրը՝ չնայած «շփման ընդհանուր կետերին» և չի դիտարկում «Միացյալ ազգային շարժման» հետ միավորվելու հնարավորությունը։
«Եվրոպական Վրաստանը» կարծում է, որ անհրաժեշտ է ընդդիմադիր կուսակցություններին միավորել հստակ պահանջի շուրջ՝ Վրաստանի վերադարձը եվրատլանտյան ընտանիք, «որը չի կարող իրականացվել առանց Իվանիշվիլիի ավտորիտար և օլիգարխիկ ռեժիմը փոխելու», – ասվում է հայտարարության մեջ։
Այստեղ նշվում է նաև, որ «Եվրոպական Վրաստանը» նախկինում միացել է նախագահի նախաձեռնությանը և ստորագրել «Վրացական խարտիան», որը ներառում է այն հիմնական քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն ռեժիմի փոփոխությունից հետո՝ եվրատլանտյան ինտեգրման ուղի վերադառնալու համար։
Ինչ վերաբերում է ընտրությունների կոնֆիգուրացիային, ապա կուսակցությունը կարծում է, որ ընդդիմադիր միասնական ցուցակի ստեղծումը կսահմանափակի ընտրողների ընտրությունը և հաջողության պայման չէ։ «Եվրոպական Վրաստանը» աջակցում է ընտրություններում մի քանի ընդդիմադիր կենտրոնների կազմավորմանը, որոնք հանդես են գալիս Իվանիշվիլիի ռեժիմին դեմ։
«Բացի այդ, մենք հակաժողովրդավարական ենք համարում անձի պաշտամունքի վրա հիմնված ստվերային կառավարման մոդելը, որը Համազգային շարժումը իրականացնում է վերջին տարիներին։ Մենք խորապես համոզված ենք, որ ընդդիմադիր մյուս կուսակցություններին նման ուժով միավորելը միայն վնաս կբերի վրացական ժողովրդավարությունը և հիասթափություն կառաջացնի ընտրողների շրջանում»,- ասված է հայտարարության մեջ։
«Եվրոպական Վրաստանը» հայտնում է, որ այն բաց է այն կողմերի հետ խորհրդակցությունների համար, որոնք պատրաստ են դաշնակից լինել, մի կողմից՝ Իվանիշվիլիին հաղթելու, մյուս կողմից՝ «Վրաստանի քաղաքացիների վրա Սաակաշվիլի/Կեզերաշվիլիի հակաժողովրդավարական ազդեցությունը չեզոքացնելու համար»։
Կուսակցությունը չի պաշտպանում Միասնության հռչակագրի այն կետը, ըստ որի՝ մասնակիցները պայմանավորվել են նախընտրական շրջանում միմյանց չքննադատել.
«Մենք անհնար ենք համարում չքննադատել որոշ ընդդիմադիր ուժերի, հատկապես՝ «Ազգային շարժման» գործողությունները։
Այստեղ «Եվրոպական Վրաստանը» նշում է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ մոտավորապես համանման պայմանագիր է ստորագրել «Ազգային շարժման» հետ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախաձեռնությամբ։ Այս պայմանագիրը ոչ միայն արհամարհական կերպով խախտվեց, այլև ծաղրի ենթարկվեց Ազգային շարժումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի կողմից։
«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան Միխեիլ Սաակաշվիլիի նախկին առաջնորդներից է եղել և աջ ձեռքը։ Սաակաշվիլիի նախագահության տարիներին նա եղել է արտաքին գործերի փոխնախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար։
«Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության» կուսակցությունը հիմնադրվել է 2017 թվականին Սաակաշվիլիի թիմի քաղաքական գործիչների կողմից, որոնք լքել են «Միացյալ ազգային շարժումը»: 2020 թվականի աշնանը «Եվրոպական Վրաստանն» առաջին անգամ ինքնուրույն մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` ստանալով ձայների 3,79%-ը։
Դրանից հետո շատ առաջնորդներ լքեցին կուսակցությունը, այդ թվում՝ խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն, Թբիլիսիի նախկին քաղաքապետեր Գիգի Ուգուլավան և Զուրաբ Չիաբերաշվիլին, «Դրոա»-ի ներկայիս ղեկավար Էլենե Խոշտարիան։