Փետրվարի 15-ից Վրաստանում պայմանական դատապարտության ենթակա և պատժից պայմանական-վաղաժամկետ ազատված անձանց համար կրկին պարտադիր կդառնա ներկայանալ Պրոբացիայի գործակալություն՝ պարբերական հսկողություն անցնելու նպատակով:
Հանցավորության կանխարգելման և պրոբացիայի ազգային գործակալության տվյալներով՝ շաբաթը մեկ անգամ պայմանական դատապարտության ենթակա անձինք պետք է ներկայանան Պրոբացիայի գործակալության շրջանային մասնաշենքեր և հաշվառվեն, հանձնեն իրենց մատնահետքերը: 2020 թվականի նոյեմբերի 28-ից դատապարտյալներն ազատվել էին այս պարտավորությունից՝ կորոնավիրուսի տարածման վտանգի և հասարակական տրանսպորտի արգելքի պատճառով:
«Քանի որ տրանսպորտային երթևեկությունը վերականգնվել է, Պրոբացիայի բյուրոն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: Ըստ այդմ, փետրվարի 15-ից փորձաշրջանային դատապարտյալների պարտադիր ներկայանալը բյուրո կվերականգնվի ամբողջ Վրաստանում», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Վերջին երկու ամիսների ընթացքում պրոբացիոն սպաները իրականացնում էին պայմանական դատապարտության ենթակա և պատժից պայմանական-վաղաժամկետ ազատված անձանց վերահսկումն՝ ըստ նրանց բնակության հասցեի:
Այն անձինք, ովքեր ճանապարհորդության թույլտվության ժամկետի ավարտից հետո արտերկրից չէին կարողացել վերադառնալ հայրենիք՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով, ազատվել էին թույլտվություն ստանալու պարտավորությունից մինչև փետրվարի 1-ը:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 507-ով: Մահացել է 15 հոգի:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակի 264 665 դեպք: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: