Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները քննարկեցին Ջիվանու պուրակում (տեղացիներն այն անվանում են Մնդոյի այգի) գտնվող սրճարանի սկզբնական վարձավճարի որոշման հարցը՝ այն աճուրդի հանելու նպատակով։
Երեկ՝ հունիսի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հինգ հանձնաժողովների համատեղ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեցին նաեւ Ջիվանու պուրակի սրճարանի նախնական վարձավճարի հարցը։
Քաղաքապետարանը սրճարանի շահագործման տարեկան վարձավճարի սկզբնական չափը սահմանել է 2817 լարի։ Պատգամավորներն երեկ քննարկեցին այս հարցը, համաձայնվեցին գումարի հետ և հարցն ուղարկեցին բյուրոյի նիստ և սակրեբուլոյի ժողով, որը տեղի ունենավ այսօր՝ հունիսի 25-ին։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով, օբյեկտի վարձակալության սկզբնական գումարը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, սահմանվում է օբյեկտի գնի արժեքի առնվազն 5%-ի չափով։ Այս դեպքում նախնական գումարը որոշվել է սրճարանի գնի արժեքի 9%-ի չափով։ Քաղաքապետարանը սրճարանի արժեքը գնահատել է 31300 լարի։
Սրճարանի վարձակալությունը կդրվի աճուրդի, որի արդյունքում կբացահայտվի հաղթողը, ով էլ այն կշահագործի։