Գոռ Այվազյանը՝ 14-ամյա տղան, Արագվա գյուղից է, որն արդեն կարող է պարծենալ, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս ունի: Ի տարբերություն իր տարիքի մյուս երեխաների, Գոռն իր երեկոներն անցկացնում է քրտնաջան մարզումներով, որի պտուղներն արդեն իսկ արդյունք են տվել:
Գոռը սիստեմատիկ կերպով սկսել է բռնցքամարտով զբաղվել 8 տարեկանից՝ Ախալքալաքի մարզահամալիրում: Նա ասում է, որ տեսանյութում տեսել է բռնցքամարտի մրցումներ և այդ մարզաձևը նրան դուր է եկել: Այդ ժամանակվանից ի վեր, արդեն 6 տարի, նա իրեն նվիրել է մարզումներին և երբեք չի մտածել իր սիրելի զբաղմունքից հրաժարվելու մասին:
Ինչպես ինքն է խոստովանում՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը (Թբիլիսի, 2019) դարձավ Գոռի ամենամեծ մրցումը, բայց մինչ այդ նա իրեն լավագույնս էր ներկայացնում ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում անցկացվող տարբեր մրցաշարերում:
Նրան առաջնությանը մասնակցել առաջարկել էր մարզիչը, ինչպես նաև այլ երեխաների, որոնց հետ տղան մարզվում է:
«Անհրաժեշտ էր հաղթել մի քանի մրցաշարերում՝ Վրաստանի առաջնությունը և այլն, որպեսզի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հրավեր ստանայի: Ես այս մրցումներում գրավեցի առաջին տեղերը և անցա: Ես մոտ 5 ամիս պատրաստվում էի Եվրոպայի առաջնությանը», – ասում է Գոռը:
Ըստ նրա, նման մրցաշարի պատրաստվելը ավելի դժվար էր, քան նախորդ մրցումներին, քանի որ ավելի մեծ լարվածություն կար, բայց նա մասնակցեց առաջնությանը` հաղթելու նպատակով:
«Ես պատկերացնում էի, որ կարող եմ հաղթել, և հենց այդ նպատակով էլ ես գնացի: Երբ ես հաղթեցի, ես ուրախության բերկրանք էի զգում, սակայն մարզիչներս և ավագ ընկերներս ասում են, որ այդ հաղթանակը իրականում կզգամ և կհասկանամ միայն այն ժամանակ՝ երբ մեծանամ: Դա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլև մեր թիմի ընդհանուր հաղթանակը, քանի որ մենք մարզվել և պատրաստվել ենք միասին: Իմ ընկերները երջանիկ էին, որքան և ես»:
Ըստ Գոռի, նրա կյանքը շատ փոխվել է Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո: Այժմ նրա մասին շատ ավելի մարդիկ իմացան, նա ավելի հայտնի դարձավ, բայց ներսում, ըստ իրեն՝ Գոռի, նա մնացել նույնքան պարզ ու հասարակ:
Բռնցքամարտից ազատ ժամանակ մարզիկը սիրում է ֆուտբոլ, բայց միայն սիրողական մակարդակով՝ ընկերների հետ միասին: Նա խոստովանում է, որ բռնցքամարտից բացի, նա այլ զբաղմունք չունի: Գոռին դեռ հաջողվում է համատեղել դպրոցական դասերը մարզումների հետ, և դրանք չեն խանգառում մեկը մյուսին: Հնարավորին չափով, Գոռը փորձում է կատարել բոլոր տնային առաջադրանքները:
Նա մեզ հետ կիսվեց, որ իր հիմնական նպատակն է օլիմպիական չեմպիոն դառնալը: «Ցանկացած մարզիկի երազանքը օլիմպիական խաղերն են, և իմ նպատակը նույնպես, բայց ես դեռ շատ մրցումներ և մրցաշարեր ունեմ հաղթահարելու՝ օլիմպիական խաղերին հասնելու համար», – ասում է Գոռը:
Գոռը խոստովանում է, որ իր վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է նրա անձնական մարզիչը՝ Գագիկ Էլիզբարյանը, որը միշտ օգնել է իրեն, խորհուրդ է տվել և իր կողքին է եղել: Նա գտնում է, որ կարողացել է հաջողության հասնել քրտնաջան մարզումների միջոցով:
Տղայի մարզիչը՝ Գագիկ Էլիզբարյանը, խոստովանում է, որ ի սկզբանե ենթադրում էր, որ հենց Գոռն էր, ով հաղթանակ կբերի Եվրոպական մրցումներից՝ լավագույնս արտահայտվելով նրա մասին:
«Որպես աշակերտ, նա շատ ակտիվ երեխա է, պարապում է արդեն բազում տարիներ, և այս հաղթանակը նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Եվրոպայի առաջնությունից առաջ նա նվաճել է շատ այլ մեդալներ, մեծամասամբ առաջին հորիզոնականներ: Մենք ունենք շատ այլ տաղանդավոր տղաներ, ովքեր մրցանակային հորիզոնականներ են գրավել վրացական մրցաշարերում, բայց, իհարկե, ոչ բոլորն են կարող անմիջապես դառնալ չեմպիոն», – կիսվում է մարզիչը:
Նա ասում է, որ Գոռն առաջինն էր Ախալքալաքից, ով իր տարիքային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մարզիչը նաև շնորհակալություն հայտնեց դպրոցի ղեկավարությանը՝ նրանց ցուցաբերած աջակցության համար:
Ամալյա Բաբայան