Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հղել Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպաններին, որոնց վարչապետ Իրակլի Կոբախիձեն հավաքել էր Բեռլինում կայացած համաժողովում։

Նախագահը ափսոսանք է հայտնել, որ հնարավորություն չի ունեցել անձամբ դիմել դեսպաններին, թեև հարկ է համարել այս ուղերձը հղել նրանց։ «Դուք գտնվում եք հենց այնտեղ՝ Եվրոպայի կենտրոնում, և այնտեղ սուտ եք լսում։ Սուտ այն մասին, որ մեր եվրոպական ուղին շարունակվում է»,- հայտարարել է նախագահը։

Ըստ Նախագահի՝ բոլոր եվրոպացի առաջնորդները, որոնց նա հանդիպել է Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովում, զարմացել են, երբ վրացական իշխանություններն ասել են, որ «Վրաստանը, միևնույն է, միանալու է Եվրամիությանը», «թեև նրանք ընդունում են ռուսական օրենքներ, այլ ոչ թե մեկ օրենք, չնայած այն հանգամանքին, որ նրանք չեն լսում ոչ մի առաջարկություն և իրենք չեն իրականացնում այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են այդ ճանապարհին»։

Բարձր գնահատելով մինչ այս եվրոպական ճանապարհին վրացի դիվանագետների մասնագիտական աշխատանքը՝ նախագահն ասել է. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դավաճանություն է պրոֆեսիոնալիզմի նկատմամբ, սա դավաճանություն է այն մարդկանց, ովքեր առաջին իսկ օրվանից՝ անկախությունից ի վեր և նույնիսկ նախկինում, երազել են այս եվրոպական ճանապարհի մասին»:

«Հուսով եմ, որ դուք հավատում եք նրան, ինչին հավատում էիք նախկինում: Եվ ես ուզում եմ համոզված լինել դրանում»,- ասել է նախագահը, «Օտար երկրներում և հատկապես Եվրամիությունում գտնվող դեսպանները, որոնք այսօր ներկայացնում են Վրաստանը, նորմալ դրության մեջ չեն գտնվում, սովորական պետական ծառայողներ չեն և շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում, որովհետեւ նրանք ներկայացնում են երկիրը, ոչ թե որեւէ իշխանություն։ Կառավարությունները գալիս ու գնում են: Դուք ներկայացնում եք երկիրը, նրա շահերը, նրա անցյալն ու ապագան»։

«Ուստի ես ձեզ ոչինչ չեմ սովորեցնի և ձեզ ոչինչ չեմ թելադրի, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ հոկտեմբերի 26-ին շարքային քաղաքացիների համար սովորական ընտրություններ չեն լինելու, բայց ձեր ընտրության ժամանակն արդեն եկել է»,- հավելել է նախագահը։