Ինչպե՞ս են դպրոցն ավարտող և նոր կյանք մտած երիտասարդներն ընտրում իրենց ապագա մասնագիտությունը, ի՞նչ պայմաններ կան նրանց մասնագիտություն ընտրելու համար, ինչո՞ւ երբեմն ընտրված մասնագիտությունները պահանջված չեն Ախալքալաքի աշխատաշուկայում և ինչո՞ւ տարբեր ոլորտներում կադրերի պակասի պայմաններում կա նաև բնակչության զբաղվածության ցածր մակարդակ՝ այս հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է դիմորդ Սերգեյ Մանասյանի հետ, ինչպես նաև որպես փորձագետ զրուցել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտորի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի համակարգողի օգնականի հետ:
– Դիմորդները միշտ չէ, որ ընտրում են այնպիսի մասնագիտություն, որով կարող են աշխատել համալսարանն ավարտելուց հետո: Օրինակ, Ախալքալաքից շատ երիտասարդներ գնում են սովորելու՝ իրավաբան ու տնտեսագետ դառնալու համար, բայց շրջանը գյուղատնտեսների կարիք ունի։ Ձեր օրինակով պատմեք, թե ինչով են առաջնորդվում դիմորդները մասնագիտություն ընտրելիս:
– Ես ուզում էի դիմել հոգեբանության ֆակուլտետ: Ինձ դուր է գալիս դա, այսինքն՝ այստեղ ես առաջնորդվում եմ իմ նախասիրություններով։ Քննարկեցի ռուսական բուհերը, բայց հետո որոշեցի, որ նույնիսկ Ռուսաստանում այս մասնագիտությունն այնքան էլ արդիական չէ, նույնիսկ վաստակելու առումով։
Հոգեբանության ֆակուլտետը չի սահմանափակվում չորս տարով, դրանից հետո պետք է ավարտես մագիստրատուրան, հետո պետք է լինես դասախոսների օգնական, հետևես, թե ինչպես են նրանք աշխատում, ընդունում հաճախորդներին և նոր միայն սկսել աշխատել։
Ես հիմա փաստաթղթեր եմ ներկայացրել Թբիլիսի։ Ես նշել եմ մի քանի ուղղություններ, կա և՛ կլինիկական հոգեբանություն, և՛ բժշկական գործ:
– Այսինքն՝ չե՞ք հրաժարվել այն ոլորտից, որը ձեզ դուր է գալիս:
– Այո: Ավելի շուտ ընդհանուր հոգեբանությունը փոխարինել եմ կլինիկական հոգեբանությամբ: Սովորական հոգեբանն ուղղակի խոսում է քեզ հետ, իսկ կլինիկական հոգեբանն իրավունք ունի բուժել հիվանդին, բայց նա հոգեբույժ չէ, ինչպես շատերն են կարծում։ Կլինիկական հոգեբանն ավելի պահանջված է, նա կարող է աշխատել դատարանում, իշխանություններում, զբաղվել մասնագիտական հոգեբանությամբ:
-Ի՞նչն է պատճառը, որ ընդհանուր հոգեբանությունից անցել եք կլինիկական հոգեբանության: Դուք կենտրոնացե՞լ եք պահանջարկի վրա, թե՞ պարզապես երկու ուղղություններն էլ ավելի լավ եք ուսումնասիրել և ընտրել՝ ելնելով ավելի մեծ տեղեկացվածությունից:
– Ե՛վ այս, և՛ այն: Կլինիկական հոգեբանն ավելի պահանջված է և ավելի շատ իմ սրտով, քանի որ ինձ դուր է գալիս, որ այն ավելի սերտորեն կապված է բժշկության հետ։ Ես ուսումնասիրել եմ երկու մասնագիտություններն էլ, թե ինչ են դրանք, որտեղ են գումար վաստակում, ինչով են զբաղվում նրանցից յուրաքանչյուրը, և կատարել եմ իմ ընտրությունը։
«Երիտասարդների համար շատ դժվար է ընտրել իրենց մասնագիտությունը, դժվար է որոշել, գտնել իրենցը: Նրանք քիչ տեղեկություններ ունեն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մասնագիտությունը: Մենք պետք է շատ աշխատենք, այդ թվում՝ մենք՝ համալսարանը, սերտորեն համագործակցենք դպրոցների հետ։ Հակառակ դեպքում երբեմն մեր դիմորդները, ըստ մեր ուսումնասիրությունների, ընտրում են այն մասնագիտությունները, որոնք հավանում են իրենց ծնողները։ Սա շատ մեծ խնդիր է»։
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձե
«Եթե դիմորդը գյուղից է, ապա նա, առաջին հերթին, փորձում է ընտրել գյուղում առկա մասնագիտությունը։ Մասնավորապես, դա դպրոցն է, իսկ տղաների դեպքում՝ խոպանը, նրանք չեն էլ գնում սովորելու։ Շատ հազվադեպ է, եթե երեխան լավ է սովորում և տարված է ոչ ֆորմալ կրթությամբ, նա փորձում է գնալ Թբիլիսի՝ այնտեղ ինչ-որ կերպ առաջադիմելու, այլապես, իմ պրակտիկայում տղաները ավելի քիչ են գնում սովորելու։
Քաղաքների դեպքում նրանք կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ կարելի է անել տեղում, նրանք ավելի շատ են ցանկանում բիզնես բացել կամ սովորել բիզնեսի ոլորտում, քանի որ ոչ ոք չի ցանկանում աշխատել աշխատավարձով: Շատերը կարող են սիրելի մասնագիտություն ունենալ, բայց մեր կարծրատիպերից ելնելով չեն կարողանում ընտրել այն։ Սա կարող է լինել խոհարար կամ նման մի բան, որը ստանդարտ չէ մեր ախալքալաքյան իրականության մեջ:
Եթե նախկինում կային հեղինակավոր մասնագիտություններ՝ իրավաբան, տնտեսագետ, ապա այժմ միտումը փոխվում է, և ուսանողներն ընտրում են՝ ելնելով այլ նկատառումներից»։
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի համակարգողի օգնական Լոլյա Ռաիսյան
– Ինչո՞ւ մտքափոխվեցիք Ռուսաստան ընդունվելու մասին և որոշեցիք ընդունվել Վրաստանում:
– Ես մտածեցի, որ, ի վերջո, իմ հայրենիքը ձգում է։ Ռուսաստանից այստեղ շատերն են վերադարձել։ Դիմեցի Սեչենովսկի, բայց արդեն առանց ցանկության, ես արդեն չէի ուզում և չանցա։ Ես ուրախ էի, որ չանցա։
– Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր կյանքը հիմա սովորելուց հետո: Դուք պլանավորում եք վերադառնալ:
– Ես սիրում եմ Ախալքալաքը, ինձ դուր է գալիս այստեղ: Բայց ես միշտ պատկերացնում էի, որ այլ տեղ եմ ապրելու։ Ուստի կարծում եմ, որ, այնումաենայնիվ, Թբիլիսի։ Բայց ես չեմ բացառում Ախալքալաք վերադառնալը, եթե թափուր հաստիքներ լինեն։
– Ի՞նչ եք կարծում, եթե վերադառնաք Ախալքալաք, կլինե՞ք պահանջված մասնագետ։ Կարող եք աշխատանք գտնել:
– Ես կարծում եմ, այո։ Ախալքալաքում հոգեբանների պակաս կա: Պարզապես այս մշակույթն այստեղ չկա, մարդիկ չեն հասկանում, որ հոգեբանին այցելելը նորմալ է: Նրանք չեն տարբերում կլինիկական հոգեբանին, ընդհանուր հոգեբանին և հոգեբույժին: Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա հոգեբան: Մեր օրերն այնպիսին են, որ անհնար է ապրել առանց հոգեբանի։
Կողքից շատերն են ասում, թե ինչու է քեզ պետք հոգեբան: Ախալքալաքում, եթե տղան գնում է հոգեբանի մոտ, սա արդեն քննարկման թեմա է։ Նաև ճնշում է եղել, որ աշխատավարձը ցածր է։ Ես դրան ուշադրություն չեմ դարձնում։
«Ցավոք, Ախալքալաքի մասնաշենքում մենք մեծ ընտրություն չունենք: Փորձել ենք նոր մասնագիտություններ, բացել Ախալքալաքում, բայց ցանկացողներ չկային։ Ուստի հիմա սպասում ենք, եթե այլ մասնագիտություններով հետաքրքրվողներ լինեն, կբացենք»։
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձե
«Դիմորդները չեն ընտրում մասնագիտությունները, որոնց նկատմամբ մեծ պահանջարկ կա, քանի որ վախենում են ռիսկի դիմել։ Օրինակ, մենք չունենք լավ ճարտարապետներ, դիզայներներ կամ զբոսավարներ: Այս բացը կա, քանի որ ուսանողներն այստեղ հեռանկար չեն տեսնում: Նրանք ցանկանում են բնակություն հաստատել մեծ քաղաքներում։ Ուրիշ տեղերում թանկ վարձատրվող աշխատանքը այստեղ կոպեկներ արժե։ Այդ մասնագիտությունների պահանջարկը սուղ է, ովքեր աշխատում են կամ ինչ-որ կերպ կապված են դրա հետ։ Իսկ դիմորդները փորձում են չեզոք բան ընտրել, այլ ոչ թե նեղ մասնագիտություններ։
Մենք էլ չունենք անասնաբույժներ, տարբեր բժիշկներ, որ ամիսը մեկ Թբիլիսիից գալիս են հիվանդանոց, տեղում չկան, մասնագետներ չկան, որ հրավիրվեն վերապատրաստումների, կանչում ենք այլ քաղաքներից, գյուղատնտեսներ չկան»։
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի համակարգողի օգնական Լոլյա Ռաիսյան
– Ձեր ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց Ձեր ընտրությանը:
– Տանը նորմալ են վերաբերվում։ Նրանք հասկանում են, թե ով է հոգեբանը և ինչ է անում։
– Ձեր հասակակիցներն ինչպե՞ս են ընտրում մասնագիտությունը:
– Շատերի մոտ հարցը շատ սուր է դրված, թե որտեղ են ապրելու, որտեղ սովորելու և ֆինանսական հարցերը: Շատերը գնում են ոչ թե այս տարի, այլ հաջորդ տարի։ Ֆինանսներից զատ բոլորի մոտ, այդ թվում՝ իմ, անորոշություն կա։ Մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում կյանքից։
«Առաջին հերթին պետք է բարձրացնել իրազեկվածությունը, որպեսզի երիտասարդներն իմանան, որ կարող են ոչ միայն աշխատել ինչ-որ մեկի համար, այլ նաև աշխատել իրենց համար և մասնակցել տարբեր ծրագրերի: Այնքան ծրագրեր կան, որոնց մասին իրենք էլ չգիտեն։ Պետք է նաև մոտիվացիա լինի, օրինակ՝ մարդն ուզում է զբոսավար աշխատել, ուստի իշխանությունները պետք է գոնե նվազագույնը զարգացնեն այս ոլորտը, որպեսզի նա ցանկություն և հնարավորություն ունենա աշխատելու այս ուղղությամբ, և եթե չունենք տուրիզմային ենթակառուցվածք, ապա ինչպե՞ս կարող է նա աշխատել որպես զբոսավար: Մարդը պետք է մինիմալ հույս ունենա, որ եթե գնա 5 տարի սովորի, որ դառնա էքսկուրսավար, ապա երբ վերադառնա, կկարողանա աշխատել»։
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի համակարգողի օգնական Լոլյա Ռաիսյան
– Ձեր հասակակիցները յուրաքանչյուր մասնագիտության մասին տեղեկությունները նույնքան մանրամասն ուսումնասիրու՞մ են, որքան դուք:
– Չէ, սա էլ է խնդիր, բավարար ինֆորմացիա չունեն։ Ես հոգեբանության մասին շատ գրքեր եմ կարդացել։ Դա ինձ շատ է օգնել։